Ռեալ պատերազմում Ադրբեջանի ներկայացված ռազմական գերազանցությունը կարող է արագ փոշիանալ. փորձագետ
Ադրբեջանի ռազմական բյուջեի ուռճացված թվերը Հայաստանի բյուջեի համեմատ դեռ չեն խոսում Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին, քանի որ տեխնիկական իրական պատերազմի դեպքում Ադրբեջանի ներկայացված ռազմական գերազանցությունը կարող է արագ փոշիանալ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը վաղուց արդեն պատճառ գտած կլիներ ու պատերազմը վերսկսած կլիներ, եթե ներկայացրած ռեսուրսները բավարար լինեին դրա համար։
«Եթե նրանք ունենային համապատասխան ներուժ և ապահովված լինեին շեշտակի գերազանցությամբ, այս պարագայում պատրվակներ գտնելը դժվար չէր լինի, և ոչինչ չի կարող ետ պահել Ադրբեջանին: Տեխնիկական ռեալ պատերազմում դրանք կարող են արագ փոշիանալ»,- ասաց նա և համոզմունք հայտնեց, որ պատերազմ չի սկսվի, քանի որ երաշխիքներ չկան, որ կհաղթեն։ Ըստ նրա, Ադրբեջանին անհրաժեշտ են շատ ավելի մեծ ռեսուրսներ:
Փորձագետը միաժամանակ դիվանագիտական քայլ է համարում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում պատերազմ սկսելու համար, քանի որ ըստ նրա, նման ձևով ներկայացվում է Ադրբեջանի ագրեսոր դիրքորոշումը:
«Որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ակնհայտ է, բայց չի սկսում, քանի որ պատրաստ չի դրան: Այն, որ նրանք առավելություն չեն կարող ունենալ, դա իրականություն է»,-ասաց նա:










