Վրաստանի նախկին պաշտպանության նախարարը կմնա կալանքի տակ

21:25 • 09.11.12

Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր բավարարել է դատախազության միջնորդությունը՝ նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի համար որպես խափանման միջոց ընտրելով նախնական կալանքը , հաղորդում է BBC-ն:


Մյուս երկու բարձրաստիճան մեղադրյալները` Վրաստանի ԶՈՒ միացյալ շտաբի պետ Գեորգի Քալանդաձեն և 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավան, դատարանի որոշման համաձայն՝ 12 հազար ԱՄՆ դոլար գրավի դիմաց ազատ կարձակվեն:
 

 Մեղադրյալների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 332 հոդվածի հատկանիշերով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, անձնական շահերով օգտագործելու համար։ Այս հոդվածով նախատեսվում է 5-8 տարվա ազատազրկում։


Բացի այդ, Ախալայայի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նաև Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն՝ անօրինական կերպով ազատազրկման դատապարտելու համար, որով նախատեսվում է 12 տարվա ազատազրկում։


Ձերբակալվածներն իրենց մեղավոր չեն համարում։


Հիշեցնենք, որ նրանք կալանքի տակ էին վերցվել նոյեմբերի 7-ին։ Բաչո Ախալայան մոտ 1 ամիս բացակայությունից հետո հայրենիք էր վերադարձել նոյեմբերի 5-ին։