Գվատեմալայում եռօրյա սուգ է հայտարարվել
Գվատեմալայի նախագահ Օտո Պերես Մոլինան երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված եռօրյա ազգային սուգ է հայտարարել, հայտնում է Agence France-Presse-ը։
Նախագահի խոսքով՝ նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 52 մարդ։ Մոլինան մտավախություն է հայտնել, որ տարերքի զոհերի թիվը կարող է ավելանալ։
Վտանգավոր գոտու մոտ 16 հազ. բնակիչ, մասնավորապես՝ Սան-Մարկոս քաղաքի բնակիչները ստիպված են եղել գիշերն անցկացնել ժամանակավոր կացարաններում։
Երկրաշարժը զգացվել է նաև Մեքսիկայում և Սալվադորում, սակայն ստորգետնյա ցնցումները միայն խուճապ են առաջացրել բնակիչների շրջանում. զոհեր և ավերածություններ չեն գրանցվել։










