Իրանի ՀՕՊ ուժերը փորձել են ամերիկյան անօդաչու սարք կործանել. Պենտագոն

12:43 • 09.11.12

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը հայտարարել է, թե Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները փորձել են ամերիկյան անօդաչու թռչող սարք կործանել, որը Պարսից ծոցի մոտ՝ միջազգային օդային տարածքում, հետախուզական գործունեություն է ծավալել, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։


Պենտագոնի ներկայացուցիչ Ջորջ Լիթլի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին։

 

Միջադեպի մասին անհապաղ զեկուցվել է նախագահ Բարաք Օբամային, Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետային և ամերիկյան Կոնգրեսի ղեկավարին։

 

Լիթլը տեղեկացրել  է, որ անօդաչու սարքը չի տուժել և վերադարձել է բազա։

 

Պենտագոնի տվյալներով՝ MQ Predator տիպի անօդաչուն Իրանը փորձել է կործանել ռուսական արտադրության Սու-25 կործանիչներով, երբ թռչող սարքն Իրանի ափից 24 կմ հեռավորության վրա է եղել։


«Մեր թռչող սարքը չի գտնվել Իրանի օդային տարածքում։ Այն գտնվել է միջազգային օդային տարածքում»,-ասել է Լիթլը։
 

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության համոզմամբ՝ Իրանի նպատակն անօդաչուն կործանելն է եղել։

 

Գերատեսչությունը նաև հայտարարել է, որ MQ Predator-ը զենք, այդ թվում՝ հրթիռներ չի ունեցել, և այն «սովորական վերահսկողություն» է իրականացրել Պարսից ծոցում։


Պենտագոնի ներկայացուցիչը պատմել է, որ Վաշինգտոնը Թեհրանին տեղեկացրել է «Պարսից ծոցի միջազգային ջրերում» անօդաչու սարքերով վերահսկողական թռիչքներ իրականացնելու մասին։


Բացի այդ, Լիթլը նաև նշել է, որ եթե պահանջվի՝ ԱՄՆ զինված ուժերը կպատասխանեն նման սադրանքներին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն լայն հնարավորություններ ունի իր զինվորական ուժն ու միջոցները պաշտպանելու համար և կարող է օգտագործել՝ անհրաժեշտության դեպքում։