Բողոքի ցույց՝ մարզերից հուշարձանները Երևան տեղափոխելու Կառավարության որոշման դեմ (լուսանկարներ, տեսանյութ)

16:23 • 09.11.12

Մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Կառավարության շենքի առջև և բողոքում էին վերականգնման և ցուցադրության նպատակով Հայաստանի մի շարք մարզերից Հայաստանի պատմության թանգարան 63 անշարժ հուշարձաններ տեղափոխելու ՝ Կառավարության որոշման դեմ, և պահանջում էին չեղյալ համարել այդ «անհեթեթ» որոշումը և հուշակոթողները վերադարձնել իրենց տեղերը։


Ցուցարարները պարզել էին «Հայաստանը միայն Երևանը չէ», «Հարգե՛ք մեր մշակույթը», «Մի՛ զրկեք հուշարձաններին պատմական արժեք լինելուց», «Խթանե՛ք տուրիզմի զարգացմանը» բովանդակ ցուցապաստառներ:


Բողոքի ակցիայի մասնակից, «Ճանաչենք մեր մշակույթը» նախաձեռնության անդամ Ռուբեն Բաղդիշյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նման որոշումով Կառավարությունը խայտառակում է ազգին: «Ի՞նչ է, մենք եկվո՞ր ենք, ինչ ենք»,- զարմացավ է նա:


Ըստ նրա, սա հերթական գաղտնի որոշումներից է. «Ինչպես միշտ որոշումը կայացնում են, քննարկումը կատարում են փակ տարածքում և հանկարծ տեղեկանում ես, որ հուշարձաններն արդեն Երևանում են»,- ասաց նա և տեղեկացրեց, որ իրենք այսօր նամակ են ուղարկել ՀՀ նախագահին կից հանրային խորհրդին՝ քննարկում անցկացնելու պահանջով:


Ակցիայի մասնակցներն ասացին, որ մտավախություն ունեն, թե հուշարձանները չեն վերադարձվի, չնայած պնդումներին, թե 2016թ-ին ետ են տանելու:


«Ասեցին, թե 2016թ-ին որոշելու են, թե որտեղ նպատակահարմար կլինի և կտեղադրեն: Բայց որոշողն իրենք չեն, պե՛տք չի անշարժը շարժել»,- ասաց բողոքի ցույցի մասնակիցը:


Կառավարության շենքի կողմից մասնակիցները գնացին դեպի Պատմության թանգարան, որտեղ տնօրեն Անելկա Գրիգորյանը նրանց բացատրեց, թե տեղափոխելու նպատակը հուշարձանների վերականգնում էր:


Հարցին, թե հնարավոր չէր այն վերականգնել տեղում, նա պատասխանեց, որ անտառում հնարավոր չէր վերականգնել, քանի որ մասնագիտական լուրջ միջամտություն է անհարժեշտ: «Մենք երբեք չենք ստանձնի մի բանի ձեռք տանք ու դա լինի ժամանակավոր»,- ասաց նա:


Բողոքի մասնակիցները հարցրեցին, թե ինչպես են վերականգնելու՝ «քա՞ր եք ավելացնելու, թե՞ ցեմենտբիտոն եք անելու»: «Կոտրվածներն ենք միացնելու իրար, որպեսզի նկարագիրը ամբողջական լինի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տեխնիկայի անհարժեշտություն էլ պետք չէ, բայց միևնույնն է՝ անտառում չէին կարող վերականգնել:


Լևոն Բարսեղյանի համար ծիծաղելի է, որ նախարարը բերվածները համարում է բեկորներ: «Պլակատների վրա էլ գրել են բեկորներ, բայց կառավարության որոշման հավելվածի ցանկում ոչ մի տեղ գրված չէ, որ բեկոր է, այլ գրված է, որ հուշարձաններ են: Ոչ ոք չի ուզում ընդունել, որ հուշարձանի մասը նույնպես հուշարձան է: Եվ հետո, եղբայր, եթե բեկոր էին ու անարժեք, ինչի էդքան գումար ծախսեցիք, բերեցիք»,- զարմանում է նա:


Լևոն Բարսեղյանը նշում է, որ եթե ուզում են զբոսաշրջություն զարգացնել, ապա կարող են ընդամենը դեպի այդ հուշարձանները տանող ճանապարհները նորոգել։


«Անհեթեթ ծրագիր է, պատճառները հասկանալի չեն, թե ինչ ակնկալիքներ ունեն, պարզ չի, փողի, թե ինչի, բայց այն պատճառաբանությունը, թե վերականգնում են հանրությանը ցուցադրելու համար, անհեթեթություն է»,- ասաց նա և հարց տվեց, թե այդ դեպքում Հայաստանում եղած 50-60 000 հուշարձաններից ինչո՞ւ են հատկապես այս 63-ը բերել:


«Բերեիք բոլորը Զվարթնոցից մինչև Երևան ճանապարհի երկայնքով շարեիք, կազինոների հետևներում, տուրիստը կգա ոտքով մինչև Երևան ու Հայաստանի բոլոր պատմությանը կծանոթանա»,- առաջարկեց նա:


Ըստ Լևոն Բարսեղյանի՝ դա նույնն է, եթե գան իրենք և ասեն, թե՝ «տվեք Զվարթնոցը տանեմ, Գյումրիում փրկեմ»։ «Չեք տա չէ՞, հիմարություն է, չէ՞։ Սա էլ նույնանման հիմարություն է»,- եզրափակեց նա: