Էրդողանն ու Ահմադինեժադը քննարկել են Սիրիայի խնդիրը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չծրագրավորված հանդիպում են ունեցել, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով TPT-ին։
Երկու երկրների առաջնորդները զրուցել են ընթրիքի սեղանի շուրջ։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Սիրիայում ճգնաժամը։
Հանդիպումից այլ մանրամասներ չի հաղորդվում, միայն նշվում է, որ նրանք անդրադարձել են հոկտեմբերի 3-ին Սիրիա- Թուրքիա սահմանին տեղի ունեցած միջադեպին։ Հիշեցնենք, որ սիրիական սահմանին կառավարական զորքի և զինյալ ապստամբների միջև բախումների ժամանակ արձակված արկն ընկել ու պայթել էր թուրքական սահմանամերձ Աքչաքալե բնակավայրում, ինչի հետևանքով 5 մարդ էր զոհվել։ Թուրքիան պատասխան կրակ էր բացել։
Այս առումով, ըստ աղբյուրի, Ահմադինեժադն ասել է, թե «Թուրքիան այս իրավիճակում իրավացի է, և Իրանն ամբողջությամբ աջակցում է երկրի դիրքորոշմանը»։










