«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնից ստացված գումարի 10%–ը կհատկացվի սիրիահայերի խնդիրներին

19:45 • 09.11.12

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 22-ին և հավաքագրված գումարների 10 տոկոսն ուղղվելու է սիրիահայերի խնդիրների անմիջական լուծմանը, այս մասին Tert.am–ին տեղեկացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը՝ ավելացնելով, որ հիմնադրամը հատուկ հաշիվ ունի սիրիահայերին օգնելու, որոնց վրա, թեև մեծ գումարներ չեն նստել։


Նա նշեց, որ միայն մեկ անգամ՝ անցած տարի է դեկտեմբերին եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաք ճաշկերույթը:


«Մինչ այդ միշտ եղել է մինչև հեռուստամարաթոնը: Ուղղակի, անցյալ տարի էն օրերը, որոնք հարմար էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի համար էդ օրերը Ռուսաստանում ոչ աշխատանքային էին: Իսկ այդ օրերին Մոսկվայում բնակվող մեր բոլոր հարուստ հայրենակիցները մի քանի օրով Մոսկվան լքում են: Ոչ աշխատանքային օրերին Մոսկվայում ճաշ անելն ուղղակի անիմաստ է»,– ասաց նա:


Նշենք, որ մամուլում գրվեց, որ այս տարի, չգիտես ինչու, հիմնադրամը մոսկովյան ճաշկերույթն արեց թաքուն-թաքուն: Արա Վարդանյանն ի պատասխան ասաց, որ գաղտնի չեն արել. միշտ էլ ճաշի մասին հայտարարությունը տարածվում է այն անցկացնելուց հետո:


Ի պատասխան հարցի, թե այս տարվա 12 միլիոն դոլարի նվիրաբերման խոստումը ինչ ցուցանիշ է համարում, վա՞տ, լավ, միջին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահն ասաց.«Կրկին բոլորիդ հորդորում եմ՝ մի օգտագործե՛ք այդ «շատն ու քիչը», որովհետև դա պայմանավորված է մեկ կամ երկու հոգու շատ կամ քիչ նվիրատվությունից: Կամ՝ որևէ բարերար մեկ անգամ տար 100 միլիոն ու էդ գումարը երբևէ չգերազանցվեր: Այնպես որ, ցուցանիշը շատ լավն է, ուղղակի անցած տարի կար Էռնեկյանի 12 միլիոնի խոստումը, այս տարի չկա»:


Արա Վարդանյանը այս համատեքստում հիշեցրեց, որ արգենտինահայի անցած տարվա խոստումներն այս տարի դեռ իրականացվում են. Լեռնային Ղարաբաղում դպրոցականներն ապահովվում են համակարգիչներով, իրականացվում են ջրամատակարարման ծրագրերը:


Նշենք, որ Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցում տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2011 թվականի բարեգործական ճաշկերույթի ժամանակ տրվել է 18 միլիոն 635 հազար դոլարի նվիրատվության խոստում, որոնցից ամենախոշոր նվիրատվությունը` 11 միլիոն դոլար, կատարել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:


Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյան եղբայր Սամվել Կարապետյանը էլ նվիրաբերել էր 1 միլիոն դոլար: Այս տարի նա տվել է 1, 5 միլիոն դոլարի նվիրաբերության խոստում:


Իսկ նվիրաբերման ամենախոշոր խոստումը տվել են «Ռեսո Գարանտ» ընկերության հիմնադիրներ Սարկիսով եղբայրները՝ 4 միլիոն դոլարի չափով: Նախորդ տարի նրանք նվիրաբերել էին 3 միլիոն: Դրանով կվերանորոգվի Ստեփանակերտի թիվ 1 դպրոցը:


Այս տարվա երկրորդ խոշոր բարերարը եղել է Լևոն Հայրապետյանը՝ խոստանալով 2 միլիոն դոլար, որով ԼՂ-ում վերանորոգվելու է Սուվորովի ուսումնարանը, հաջորդը՝ Հայկ Մագաքելյանն է՝ 1 միլիոնի չափով , 600 հազար ԱՄՆ դոլարի չափով՝ Արմեն Շահազիզյանը, 500 հազար դոլարի չափով ՝ «Հայերի համաշխարհային կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանը։


Նշենք, որ ճաշկերույթն անցել է մոսկվահայ մեծահարուստ Կոնստանտին Մանուկյանին պատկանող Golden Palace ռեստորանային համալիրում: Արա Վարդանյանն այս կապակցությամբ նաև շնորհակալություն հայտնեց ճաշկերույթի ծախսերն ամբողջությամբ իր վրա վերցնելու համար: Իսկ ճաշկերույթին մասնակցել է շուրջ հիսուն գործարար: