«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ կոլեկտիվը ՄԻՊ աշխատանքը համարել է ոչ արհեստավարժ
«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերության կոլեկտիվը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին մեղադրում է ոչ արհեստավարժ աշխատանքի մեջ՝ նկատի ունենալով ՄԻՊ կողմից Կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու առաջարկով հանդես գալը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Մոսկովյան 33ա հասցեում գտնվող՝ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ գրասենյակի շենքի մի հատվածի օտարման մասին՝ Կառավարության որոշմանը, որից դժգոհ մնալով՝ Հմայակ Հովհաննիսյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին:
Այս առիթով «Հայհիդրոէներգանախագիծ»-ի աշխատավորական կոլեկտիվը Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունը համարել է ոչ արհեստավարժ՝ տարածելով համապատասխան հայտարարություն.
«Ս.թ. ապրիլ ամսին 80-ամյա կոլեկտիվը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները Հմայակ Հովհաննիսյանի կողմից ընկերության կոլեկտիվի անդամներին վիրավորանք հասցնելու փաստով: Սակայն մինչ օրս Մարդու իրավունքների «պաշտպան» Կ. Անդրեասյանի ոչ հետևողական մոտեցման արդյունքում պատասխան չի ստացվել:
Մենք զարմացած ու զայրացած ենք այն փաստի առիթով, որ չի արձագանքվել մի ամբողջ կոլեկտիվի դիմումին, այն դեպքում, երբ պաշտպանը այդպես արագությամբ արձագանքել է մասնավոր անձ Հմայակ Հովհաննիսյանի «ոտնահարված» իրավունքին:
Հանրությանը տեղեկացնում ենք, որ այդ նույն մարդու իրավունքների պաշտպանը կարող էր տեղեկանալ ընկերության զբաղեցրած տարածքի մի մասի՝ Հմայակ Հովհաննիսյանի կողմից մասնավորեցման գործընթացի օրինականության մասին:
Արդյո՞ք փոքր կենտրոնում կարելի էր 1քառ. մետր տարածքը վաճառել 50ԱՄՆ դոլարով այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում կոլեկտիվը նույնպես դիմել էր մասնավորեցնելու իր կողմից զբաղեցրած տարածքը:
Վերջապես 2012թ. կարողացանք մասնավորեցնել մեր կողմից զբաղեցրած տարածքը, որից հետո անմիջապես շենքի մյուս սեփականատերերին փոխանցվեց ընդհանուր օգտագործման տարածների վերաբերյալ պայմանագիր, որին Հմայակ Հովհաննիսյանը դեռևս չի արձագանքել:
Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու առաջարկով պետք է հանդես գար՝ առանց խնդրի էության մեջ խորանալու, այլ իր գործունեությանը համապատասխան պաշտպաներ 1961թ. սեփական միջոցներով կառուցած շենքի իրական տերերի ոտնահարված իրավունքները»:










