«Ա» տառով գործող միկրոավտոբուսները վերափոխվելու են ավտոբուսների. տրանսպորտի վարչության պետ

16:17 • 14.11.12

Նույն համարով գործող, բայց տարբեր երթուղիներ ունեցող այն միկրոավտոբուսները, որոնց վրա նշված կլինի նաև «Ա» տառը որոշ ժամանակ հետո վերափոխվելու են ավտոբուսի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:


«Մենք նախկինում ունեինք 125 միկրոավտոբուսային երթուղի: Մրցույթներն ավարտելուց հետո մենք այդքան երթուղիներ չենք ունենալու, ընդամենը ունենալու ենք 76-ը: Քանի որ «Ա»-տառով գործողները ավտոբուսներ են դառնալու, նպատակահարմար չէր ունենալ բաց թողած համարներ»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ վերջին շրջանում մի շարք երթուղային տաքսիների համարներ փոփոխություններ են կրել:


Տրանսպորտի վարչության պետը տեղեկացրեց նաև, որ ավտոբուսները ներգրավելուց հետո դրանք գործելու են նույն միկրոավտոբուսների համարով, ուղղակի առանց «Ա» տառի: Հարցին, թե երբ է նախատեսվում այդ փոխարինումը, նա պատասխանեց. «Նախատեսվում է մինչև տարվա վերջ երթուղային ցանցի մրցույթներն ավարտել, բայց օբյեկտիվ պատճառներով որոշ ներկրողներ, որոնք ավտոբուսներ էին պատվիրել Հարավային Կորեայի Հանրապետությունից, տվյալ ավտոբուսային ձեռնարկությունում գործադուլ է սկսվել, և դրա պատճառով ուշանում են ավտոբուսները: Խոսք են տվել դեկտեմբերին 50-60 ավտոբուսներ տալ: 120 մեքենայի գումար արդեն փոխանցված է, առաջին խմբաքանակը հոկտեմբերին պետք է ստանայինք»,- ասաց նա: