Բեռլինում Լիբիայի դեսպանատանը ծեծկռտուք է տեղի ունեցել

17:11 • 14.11.12

Բեռլինում Լիբիայի դեսպանատանը տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով յոթ մարդ է տուժել, հայտնում է Berliner Morgenpost-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։ Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին։ 


Դեսպանատան 6 աշխատակիցների և 1 այցելուի միջև վիճաբանություն է սկսվել, որը վերաճել է կռվի։


Արդյունքում աշխատակիցներից մեկը մկրատով հարվածել է իր գործընկերոջ ոտքին։ Մյուսներին նա նույնպես վնասել է, որից հետո փորձել է փախչել։ Սակայն ոստիկանությունը ձերբակալել է նրան դեսպանատնից քիչ հեռու։

 

Կռվից հետո բոլոր տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Գլխավոր մեղավորը նույնպես հոսպիտալացվել է, քանի որ բողոքել է ջղաձգումներից։ Բացի նրանից, ոստիկանները կռվի մեղավոր են համարում ևս մի մասնակցի։

 

Պատահածի ստույգ պատճառները դեռևս հայտնի չեն։ Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ վեճը ծագել է լիբիական բանակի վետերանի պատճառով, ով դիմել է դեսպանատուն իրեն հասանելիք փոխհատուցումը ստանալու պահանջով։


Երբ աշխատակիցներն ինչ-որ պատճառով հրաժարվել են դա անել, վետերանը նրանց մեղադրել է փողերը յուրացնելու մեջ։ Ոստիկանությունում նշում են, որ կռվի մասնակից դեսպանատան աշխատակիցները դիվանագետներ չեն եղել։