Հայ բիզնես-խորհրդատուների վերապատրաստում` ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի ծրագրով

18:23 • 14.11.12

Եվրոպական Միության (ԵՄ) և «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի» (ՎԶԵԲ) համատեղ ֆինանսավորման շնորհիվ, այսօր 23 հայ բիզնես-խորհրդատուներ, ովքեր անցել էին «Հիմնական խորհրդատվական հմտություններ և մասնագիտական էթիկա» (BAS) ծրագիրը, ստացան կառավարման խորհրդատվության միջազգային հավաստագրեր:


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան նշեց, որ ԵՄ-ն նպատակ ունի Հայաստանում բարելավել բիզնես և տնտեսական միջավայրը: «Այսօր մենք տեսնում ենք դրական զարգացումների արդյունքները Հայաստանում՝ խորհրդատվական ինդուստրիայի զարգացման ուղղությամբ: Դասընթացի հիմնական նպատակն է, որ բոլոր 23 ունկնդիրները խորացնեին իրենց հմտությունները նախագծման, կառավարման և իրականացման գործում` խորհրդատվական ծրագրերի բարձր ստանդարտներով»,- ասաց Տրայան Հրիսթեան:


Հավաստագրերը փաստում են, որ այն ստացած խորհրդատուն համապատասխանում է սահմանված մասնագիտական չափանիշներին՝ խորհրդատվական հմտությունների, բարոյական նորմերի ու ստանդարտների տեսանկյունից: Այն նաև խորհրդատուին Մեծ Բրիտանիայի Խորհրդատվության ինստիտուտում մասնագիտական անդամագրության հնարավորություն է ընձեռում:


ՎԶԵԲ-ի «Փոքր բիզնեսի աջակցության տարածաշրջանային ծրագրի» ղեկավար Յապ Սփրեյը ասաց, որ բացի անհատական ծրագրերից իրականացվում են նաև շուկայի զարգացման նախագծեր: «Կարևոր էր, որ այս ծրագրերը դասավանդեցին հենց հայ մասնագետները՝ Մարինե Նազարյանը և Սամվել Գևորգյանը, ովքեր վերապատրաստվել են Թբիլիսիում` տարածաշրջանային ուսուցման շրջանակներում»,- ասաց Յապ Սփրեյը:


Նույն այս ծրագրի շրջանակներում 2011թ. Հայաստանում հիմնվել է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտ: Ինստիտուտի նախագահ Մարինա Պողոսյանն ասում է, որ իրենց նպատակն է Հայաստանը դարձնել միջազգային խորհրդատվական խմբի անդամ: «Կազմակերպությունը համախմբում է 40 խորհրդատու և կարճաժամկետ դասընթաց տրամադրող ներկայացուցիչ` տարբեր ոլորտներից: Մենք ցանկանում ենք ոչ միայն ընդլայնել տեղի շուկան, որպեսզի ավելի շատ հաճախորդներ օգտվեն, այլև բարձրացնել մրցունակությունը և ծառայություններ մատուցել միջազգային շուկայում»,- ասաց Մարինա Պողոսյանը: