Երևանում հայր ու որդուն հաջողվել է խլել վիճաբանության ժամանակ իրենց վրա կրակել փորձած տղամարդու ատրճանակը

12:54 • 14.11.12

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 13-ին, ժամը 19.20-ին, 57-ամյա Վլադիսլավ Մ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, 53-ամյա Աշխարբեկ Ք.-ն և նրա հետ ևս մի անձ Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4/Ա հասցեում գտնվող իր աշխատասենյակում վիճաբանության մեջ են մտել իր և որդու` 28-ամյա Էդուարդ Մ.-ի հետ, որի ընթացքում Աշխարբեկ Ք.-ն իր «Բրաունինգ» տիպի ատրճանակից փորձել է կրակել Էդուարդ Մ.-ի ուղղությամբ, սակայն ատրճանակը չի կրակել և այդ ժամանակ Վլադիսլավ Մ.-ին հաջողվել է Աշխարբեկ Ք.-ի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո Աշխարբեկ Ք.-ն և նրա հետ եղած անձը դիմել են փախուստի:


Վլադիսլավ Մ.-ն ատրճանակը` 9 փամփուշտով և փամփշտակալով, ներկայացրել է բաժին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշխարբեկ Ք.-ի հետ եղած անհայտ անձը 35-ամյա Արտաշես Խ.-ն է:

 

Նույն օրը, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել Արտաշես Խ.-ն և Աշխարբեկ Ք.-ն՝ հայտարարելով, որ իրենց նույն օրը Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4/Ա հասցեում ծեծի են ենթարկել Վլադիսլավ Մ.-ն և նրա որդի Էդուարդ Մ.-ն:
Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: