Իսրայելը պատրաստվում է Ղազայի հատվածում ցամաքային գործողություն իրականացնել (լուսանկարներ, տեսանյութ)
Իսրայելի պաշտպանության բանակը այսօր որոշում է կայացրել երկրի հարավում հավելյալ ուժեր և հետևակային ստորաբաժանումներ կենտրոնացնել, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
Բացի այդ, դադարեցվել են երկրի հարավում անցկացվող զորավարժությունները և պահեստազորայինների հավաք է հայտարարվել, հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները:
Այսօր ավելի վաղ Իսրայելի օդուժի իրականացրած 2 տասնյակ գրոհներից Ղազայի հատվածում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Այս պահի դրությամբ, ըստ rt.com-ի, հաղորդվում է 10 զոհի և ավելի քան 20 վիրավորի մասին։ Զոհերից երկուսը երեխաներ են։
Երկրի ողջ տարածքում, ՀԱՄԱՍ-ի պաղեստինյան իսլամիստական խմբավորման ռազմական թևի առաջնորդ Ահմեդ ալ-Ջաաբարի սպանությունից հետո, իսրայելական ոստիկանությունը հայտարարել է ահաբեկչության վտանգի մակարդակի բարձրացում երկրի ողջ տարածքում:
Իսրայելի ԱԳՆ-ն անցնում է աշխատանքի 24 ժամյա ռեժիմի, ինչպես նաև արձակուրդներից հետ են կանչվում բոլոր աշխատակիցները:
Բանակային աղբյուրներից գործակալությանը հաղորդել են, որ նման միջոցառումներ են իրականացվում, քանի որ Իսրայելը նախապատրաստվում է Ղազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողության:
Իսրայելի գրոհների պատճառով այսօր պաղեստինյան ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբասը Արաբական պետությունների լիգային անհապաղ հանդիպում անցկացնելու կոչ է հղել, որի ժամանակ պետք է քննարկվեն իսրայելական զինուժի գործողությունները, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով MENA գործակալությանը:










