Իսրայելի օդուժը ոչնչացնում է Ղազայի հատվածում գտնվող հեռահար հրթիռները
Իսրայելի օդուժը այսօր մոտ 20 հարված է հասցրել Ղազայի հատվածում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը:
Նման կերպ Իսրայելը սկսեց զանգվածային գործողությունը, որը կրում է «Պաշտպանիչ սյուն» անվանումը: Տվյալներ կան, որ իսրայելական ցամաքային զորքերը ևս ամբողջական պատրաստականության վիճակի են բերվել:
Գրոհի են ենթարկվել ՀԱՄԱՍ-ի ռազմական պահեստները, որտեղ պահվում էին ավելացված գործողության շառավղով հրթիռները (մինչև 40 կմ), որոնցով կարող էին ռմբահարվել Իսրայելի հարավի խոշոր քաղաքները, ինչպես նաև «Ֆաջար-5» հրթիռները, որոնք մինչև 70 կմ հեռահարություն ունեն, որը կազմում է մինչև Թել-Ավիվ հեռավորությունը:
«Ղազայի հատվածը վերածվել է իսկական իրանական ռազմաբազայի՝ Իսրայելի քաղաքացիների դեմ հրթիռային հարվածների և ահաբեկչական գրոհների իրականացման համար», - հայտարարել են բանակում:
Բանակային աղբյուրների տվյալներով՝ հրթիռներով զինապահեստները հայտնաբերվել են հետախուզական միջոցների շնորհիվ և «հատուկ պլանավորման առարկա էին վերջին մի քանի ամիսների ընթացքում»:
Շեշտվում է, որ այս գործողությամբ ավելի քան 1 միլիոն իսրայելացու անվտանգություն է ապահովվում, որոնք բնակվում են հնարավոր հրթիռահարման գոտում:
Հիշեցնենք, որ թիրախներից մեկն էր նաև պաղեստինյան իսլամիստական խմբավորման ռազմական թևի առաջնորդ Ահմեդ ալ-Ջաաբարին, ով այսօր սպանվեց Իսրայելի օդուժի հարվածից:










