Սևանա լճում 4 ուռկան գցելու չափ ձուկ է մնացել. գիտնական

16:14 • 14.11.12

Սևանա լճում 4 ուռկան գցելու չափ ձուկ է մնացել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի աշխատակից Բորիս Գաբրիելյանը: Խոսքը նախորդ տարվա տվյալների մասին է, քանի որ այս տարվանը կամփոփվեն դեկտեմբերին:


Իսկ նախորդ տարի Սևանա լճում սիգ ձկնատեսակի պաշարը կազմել է մոտ 8.5 տոննա, ըստ որում՝ ոչ արդյունագործական չափերի: «Առաջ մեկ քսակավոր ուռկանը միանգամից 2 տոննա բռնում էր, այսինքն՝ մի 4 հատ որ գցես, ամբողջ լճի ձուկը կհանես»,- ասաց Բորիս Գաբրիելյանը:


Ներկայացնելու համար, թե դա որքան քիչ է 90-ականների հետ համեմատ, նշենք, որ այն ժամանակ սիգի պաշարը Սևանում կազմել է 20 հազար տոննա:


Ինչ վերաբերում է իշխանի պաշարներին, ապա Բորիս Գաբրիելյանն ասաց, որ դրանք hնարավոր չէ որոշել, քանի որ, ըստ ձկնաբանի՝ դրանք մանր են և չեն որոշվում:


Գիտաշխատողը կառավարությանն առաջարկում է լրացնել Սևանա լճում ձկան պոպուլյացիան դրսի բերված սիգի ձկնկիթով: «Որովհետև մերն արդեն չի ապահովում: Բայց, իհարկե, զուգահեռ ապահովելով պատշաճ պահպանություն: Այլապես, մենք մի կողմից հսկայական գումարներ կծախսենք, կլցնենք, կաճի , հետո որսագողերը կբռնեն : Ոնց որ հիմա կատարվում է իշխանի հետ»,- ասաց նա:


Նա նշեց, որ գետերի ձվադրավայրերը ՀԷԿ-երի ու գյուղացիների միջամտության պատճառով ահավոր վիճակում են: «Հուներն են փոխում, ուրիշ լճակներ են աճեցնում, ամեն ինչ անում են, որ ձուկը չբարձրանա: Եվ բացի այդ, գետաբերաններում արդեն որսագողություն են անում: Ձուկը տեղ էլ չունի բարձրանա, որովհետև էդ գետերը գոյություն չունեն»,- ասաց Բորիս Գաբրիելյանը՝ հստակեցնելով, որ խոսքը Կարճաղբյուր, Մասրիկ, Լիճք, Գավառագետ գետերի մասին է:


Սիգի որսն արգելված է, սակայն մամուլում նկարներ կային, որ այս օրերին Երևանում մայթերի վրա սիգ է վաճառվում: Ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է արգելված սիգը հայտնվում մայրաքաղաքում «Էկո դաշինք» հասարակական կազմակերպության անդամ Սիլվա Ադամյանն ասաց, որ՝ «շատ պարզ»:


Նա բազմաթիվ լուսանկարներ ունի, որոնցից վերջինն այս տարվա օգոստոսին են արված. «Սևան ազգային պարկի» մոտակայքում տեղադրված են ձուկ որսալու համար սարքեր, նավակներ:


Այս նկարները բնապահպանը տեղադրել է «ֆեյսբուքում», դիմել Բնապահպանության նախարարությանը, բայց ասաց, որ ունենք, այն ինչ ունենք:


«Նախարարությունից ի՞նչ պետք է ասեն. «Մենք հետևում ենք, ունենք հատուկ աշխատակիցներ, որ դրանով զբաղվում են»: Ի դեպ, ասեմ, որ վերջին անգամ, երբ այցելեցի «Սևան ազգային պարկ» աշխատակիցները բողոքում էին, որ իրենց ուժերը չեն հերիքում որսագողերի դեմ: Ես ինքս ականտես դարձա, թե ինչպես աշխատակիցն ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չէր պայքարելու էդ խուլիգանների դեմ: Ինչպես էին մեքենայով եկել, կռիվ անում»,- պատմեց Սիլվա Ադամյանը:


Բնապահպանն առաջարկում է, որ ինչպես անտառահատումները կանխելու դեպքում, այնպես էլ ձկնագողության համար մի ակցիա արվի: Որպեսզի այդ պայքարին խառնվեն այլ ստորաբաժիններ, եթե պարկի աշխատակիցների ուժերը չեն բավարարում։


Բնապահպանության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ երեկ մամուլում տպագրված սիգի վաճառքի հետքերով իրենց տեսուչները գնացել են , և լրացուցիչ տեղեկություններ կտրվեն:


Նախարարությունից նշեցին, որ սիգը էնդեմիկ ձկնատեսակ չի համարվում, և սիգ մանրաձկան պաշարների համալրում երբեք չի նախատեսվել: Ինչ վերաբերում է նախարարության կողմից իրականացված ամառային իշխան և գեղարքունի տեսակների մանրաձկան բաց թողնմանը, ապա 2008 թ. Սևան է բաց թողնվել 244681 մանրաձուկ, 2009-ին՝ 287000, 2010 –ին՝ 192000, 2011-ին՝` 366667 հատ մանրաձուկ:


Ընթացքի մեջ է 2012թ. ձկնային պաշարների ծառայությունների գնման գործընթացը:
Նախարարությունից ուղարկված պատասխան գրության մեջ նշվում է, թե համաձայն Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի կողմից 2011թ. իրականացված հետազոտությունների, և «շնորհիվ վերը նշված միջոցառումների» առկա են բավարար պայմաններ իշխանի երկու ռասսաների` գեղարքունու և ամառային բախտակի վերարտադրվող վտառների ձևավորման համար, ինչը կհանգեցնի դրանց պոպուլյացիայի ավելացմանը:


Միաժամանակ հայտնում են, որ աշխատանքներ են տարվում Սևանա լճում սիգի պոպուլյացիայի վերականգնման և արդյունագործական քանակության հասցնելու ուղղությամբ: