Հայաստանում մոտ 400 երեխա տառապում է շաքարային դիաբետով. բժիշկ
Այսօր շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանում այս հիվանդությամբ տառապում է 56 հազ. մարդ, որոնցից 400-ը՝ մինչև 18 տարեկան երեխաներ են: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց «Մուրացան» hիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան: Նա նշեց շաքարային դիաբետով հիվանդ երեխաների մոտ ի հայտ եկող նախանշանները:
«Երեխաները նիհարում են, շատ են ջուր խմում, շատ են միզում, սրտխառնոց է սկսում, չեն կարողանում սովորել և այլն: Երբ հիվանդությունը զարգանում է երեխայի մոտ, ապա հնարավոր չէ, որ այն չախտորոշվի: Բայց չի կարելի ուշացնել բժշկին դիմելը: Քանի որ հակառակ դեպքում օրգանիզմում ինսուլին արտադրող բջիջների մեծ մասը կմեռնի»,- ասաց նա:
Բժիշկ Աղաջանովան նշեց, որ այսօր շատ կարևոր է դասընթացներ կազմակերպել դպրոցներում, և բոլորին տեղեկացնել, որ նրանց կողքին ապրող երեխաները հասարակության լիարժեք անդամներ են:
«Այդ երեխաները պետք է չզգան իրենց մեկուսացված, չմտածեն, թե պակաս են իրենց հասակակիցներից: Նրանք պետք է զբաղվեն իրենց ուզած սպորտով, ուզած մասնագիտությունն ու աշխատանքն ընտրեն: Այս հիվանդությունը վարակիչ չէ, նրանք հանգիստ կարող են ամուսնանալ: Պարզապես այն ժառանգական բնույթ ունի»,- ասաց նա և ընդգծեց, որ այս հիվանդությամբ տառապողների թիվը շատանում է ամբողջ աշխարհում:
Բժիշկը տեղեկացրեց, որ երեխաներին ինսուլին տրամադրում է պետությունը, իսկ գլյուկոմետրերի ու սթրիփի ծախսն իր վրա է վերցրել «Երազ» բարեգործական հիմնադրամը:
«Սարքն արժե 10-15 հազ. դրամ, բայց դա միանվագ ծախս է: Իսկ սթրիփերը երեխաներին անհրաժեշտ է ամսական մոտ մեկ տուփ, որն արժե մոտ 10 հազ. դրամ: Մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին մենք պարբերաբար ուղարկում են սթրիփեր»,- ասաց «Երազ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը, և նշեց, որ հիմնադրամի գումարները հիմնականում հավաքվում են հայ գործարարների բարեգործություններից:
Տեղեկացնենք նաև, որ այսօր Հյուսիսային պողոտայում ժամը 15:30-ին «Երազ» հիմնադրամը նախաձեռել է «Շաքարային դիաբետը ապրելակերպ է» խորագրով ֆլեշմոբ:










