Ամերիկացի գեներալի կոչումն իջեցրել են պետական միջոցներն անձնական նպատակներով վատնելու համար
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Լեոն Պանետան հրամայել է իջեցնել Աֆրիկյան հրամանատարության գեներալ Ուիլիամ Ուորդի կոչումը, քանի որ նա համարձակվել է պետական միջոցները վատնել անձնական նպատակներով, հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով Reuters-ին։
Ծառայության ընթացքում նա բազմիցս ծախսել է զինված ուժերի կարիքների ապահովման համար նախատեսված միջոցներն անձնական նպատակներով, մասնավորապես՝ գեներալը կնոջ հետ ռազմական ինքնաթիռով հանգստանալու է մեկնել Բերմուդյան կղզիներ, պետական միջոցների հաշվին շքեղ հյուրանոցներում գիշերել, ինչպես նաև կնոջը պետական մեքենաներով գնումների տարել։
Այժմ տղամարդը պարտավոր է 82 հազար դոլար փոխհատուցում վճարել Միացյալ Նահանգներին։ Պանետայի որոշման համաձայն՝ չորսաստղանի գեներալի կոչումն իջեցրել են գեներալ լեյտենանտի կոչման, բացի այդ, նրա թոշակը կրճատվել է 30 հազար դոլարով։










