Իսրայելի գործողություններին ի պատասխան Եգիպտոսը հետ է կանչում այդ երկրում իր դեսպանին

00:27 • 15.11.12

Եգիպտոսը հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին, այն բանից հետո, երբ վերջինիս օդուժը Ղազայի հատվածում մի շարք ռմբահարումներ է իրականացրել, հաղորդում է Agence France-Presse-ը:

 

Բացի այդ, Reuters գործակալությունը հաղորդում է, որ Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ գումարելու առաջարկով՝ Ղազայի հատվածում տեղի ունեցող վերջին իրադարձությունների քննարկման համար:



Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Իսրայելի օդուժի իրականացրած 2 տասնյակ գրոհների հետևանքում Ղազայի հատվածում բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան` հաղորդվում է 10 զոհի և ավելի քան 45 վիրավորի մասին։ Զոհերից երկուսը երեխաներ են։


Առաջին իսկ գրոհի թիրախը պաղեստինյան իսլամիստական խմբավորման ռազմական թևի առաջնորդ Ահմեդ ալ-Ջաաբարին էր, ով սպանվեց օդային հարվածով:



Մյուս հարվածների թիրախները, իսրայելական կողմի պնդմամբ, հատվածում առկա հրթիռների պահեստներն էին:



Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով իր երկրի բանակի գործողությունները՝ հայտարարել է, որ դրանք «ՀԱՄԱՍ-ին և այլ ահաբեկչական կազմակերպություններին ուղղված ոչ երկիմաստ հաղորդագրություններ են»:
 

Նա նաև նշել է, որ «անհրաժեշտության դեպքում» Իսրայելը պատրաստ է ընդլայնել գրոհայինների դեմ գործողությունների ծավալը: