Բրիտանական համալսարանների թիվը կավելանա 10-ով
Նոյեմբերի 27-ին Մեծ Բրիտանիայի համալսարանների և գիտության նախարար Դեվիդ Ուիլլետսը հայտարարել է, որ Կրթության հարցերով թագավորական խորհրդին առաջարկել է Անգլիայի 10 ուսումնական հաստատությունների շնորհել համալսարանի կարգավիճակ, որի մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով BBC News-ին: Ըստ ձևավորված ավանդույթի՝ խորհուրդը նախարարի նմանօրինակ խնդրանքները չի մերժում և ընդունում է պաշտոնական որոշում կարգավիճակի փոփոխության մասին:
Ցուցակի մեջ ընդգրկվել են իրենց բավականին լավ դրսևորած, հին պատմությամբ քոլեջներ, որոնց թվում կան ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ուսումնական հաստատություններ, որոնք պատրաստում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
Ըստ բրիտանական իշխանությունների՝ նմանօրինակ քայլը կօգնի բազմազանեցնել համալսարանական կրթության համակարգը, կբարձրացնի մրցակցությունը և կնպաստի ուսանողների ուսուցման մակարդակի բարձրացմանը:
Համալսարանների թվի աճին նպաստել է նաև համալսարանի կարգավիճակ ստանալու խիստ չափորոշիչների թեթևացումը: Եթե նախկինում անհրաժեշտ էր 4.000 մշտական սովորող ուսանողներ, ապա հիմա բավարար է համարվում 1.000 ուսանողը:
Մինչ վերափոխումը այս ուսումնական հաստատությունները անվանվում էին «թագավորական քոլեջ», ինչը հաճախակի անհասկանալի էր այն մարդկանց համար, ովքեր անծանոթ էին բրիտանական կրթական համակարգին:
10 քոլեջներին համալսարանի կարգավիճակ շնորհելու մասին պաշտոնական հայտարարությունը նախատեսվում է անել առաջիկա շաբաթների ընթացքում:










