Պենտագոնի՝ «տերմինատորներին» վերաբերող նոր հրահանգը
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է նոր հրահանգ, որը սահմանում է մարդու և ավտոնոմ և կիսաավտոնոմ սպառազինության համակարգերի փոխազդեցության կարգը, հաղորդում է Defense News-ը:
Այդ փաստաթղթի համաձայն, Պենտագոնը մտադիր է պահպանել մարդու վերահսկողությունը ռոբոտացված համակարգերի կողմից զենքի կիրառման նկատմամբ:
Միևնույն ժամանակ, հրահանգի գործառույթից դուրս են ոչ մահացու զինատեսակներով և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով զինված ռոբոտները:
Պենտագոնի նոր հրահանգի համաձայն, որը հրապարակվել է 2012թ. նոյեմբերի 27-ին, ցանկացած ավտոնոմ և կիսաավտոնոմ համակարգեր պետք է այնպես նախագծվեն, որ ռազմական կիրառման ժամանակ մարդ օպերատորը միշտ հնարավորություն ունենա դրանք կառավարման տակ պահել: Դա վերաբերվում է նաև ռոբոտացված համակարգերը անջատելու հնարավորությանը: Իսկ բոլոր նման համակարգերը պետք է մանրակրկիտ փորձարկումներ անցնեն:
«Սա պարզապես հրահանգ է ուղղված ապագային: Այն հայտնվել է ոչ թե քանի որ մենք հանկարծ հասկացել ենք, թե իբր որևէ մեկը մոտ է Տերմինատոր ստեղծելուն, և նման կերպ փորձում ենք կարգավորել այդ հարցը: Ամենևին էլ այդպես չէ», - հայտարարել է ԱՄՆ ՊՆ քաղաքականության փոխնախարար Դևիդ Օչմանեկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռոբոտացված զինատեսակների վտանգավորության մասին կոչեր հնչեցվեցին տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
Մասնավորապես, ոչկառավարական Human Rights Watch կազմակերպությունը բոլոր երկրների կառավարություններին կոչ արեց հրաժարվել ամբողջովին ավտոնոմ զենքերից, որոնք կարող են խաթարել խաղաղ բնակչության իրավունքները մարտական գործողությունների ժամանակ:
Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության գնահատականով, մարտական ռոբոտները չեն կարողանա տարբերակել խաղաղ մարդկանց զինվորականներից, և նշանակում է Ժնևյան կոնվենցիայի շատ դրույթներ կխախտվեն:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանը ևս հայտարարել էր ինքնակառավարվող ռոբոտացված համակարգեր ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:










