Գիտնականները զգուշացնում են հեղեղման գլոբալ վտանգի մասին

13:12 • 28.11.12

Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանում է ավելի արագ տեմպերով, քան նախկինում կանխատեսվում էր, և ափամերձ շրջանների բնակիչները շուտով կբախվեն ջրհեղեղի վտանգին, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով գերմանացի գիտնականներին։

 

Օգտագործելով արբանյակային վերջին տվյալները՝ Պոտսդամի կլիմայական փոփոխությունների ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են, որ վերջին 20 տարիների ընթացքում օվկիանոսի մակարդակը տարեկան միջինը բարձրացել է 3.2 միլիմետրով, այսինքն՝ 60%-ով ավելի արագ, քան կարծում էին ՄԱԿ-ի փորձագետները։


Ստացված արդյունքները ներկայացվել են կլիմայի փոփոխության հարցերին նվիրված ՄԱԿ-ի գիտաժողովում, որն անցկացվում է Կատարում։


Զեկույցում ասվում է նաև, որ համաշխարհային միջին ջերմաստիճանը բարձրացել է ՄԱԿ-ի կանխատեսումներին համապատասխան՝ հակառակ թերահավատների, ովքեր կարծում են, որ գլոբալ տաքացման վտանգը խիստ չափազանցված է։

 

Գիտնականները զգուշացնում են հեղեղման գլոբալ վտանգի մասին