Անկարայի ֆրանսիական դպրոցում երեխաները Հայոց ցեղասպանության մասին դաս են անցնում
Անկարայի ֆրանսիական դպրոցում, որտեղ սովորում են նաև թուրք երեխաներ, աշակերտներին պատմություն է դասավանդվում այն դասագրքերով, որոնցում նաև Հայոց ցեղասպանության մասին է խոսվում, տեղեկացնում է Samanyolu լրատվական կայքը։
Անկարայի Շարլ դե Գոլի անվան ֆրանսիական դպրոցի դասագրքերում «Հայոց ցեղասպանություն 1915-1916թթ.» ենթաբաժին կա, որում ասվում է. «Մոտ 1 մլն հայեր սպանվեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում։ Մինչև բախումների սկիզբն այստեղ մոտ 2 մլն հայ կար»։
Դասագրքում նշվում է, որ 1915թ.-ին «Իթթիհաթ վե թերաքքը» («Միություն և առաջադիմություն») կուսակցության ներկայացուցիչները ցեղասպանության կազմակերպման հարցով գաղտնի ժողովների էին մասնակցում։
Գիրքը «բացահայտել է» Անկարայից ընտրված պատգամավոր Օզջան Յենիչերին։ «Այդ դասագրքերն ո՞վ է հաստատել, գրքի այս գլխից տեղյա՞կ եք, եթե այո, ապա ի՞նչ քայլեր եք ձեռնարկել»,-հարցրել է պատգամավորը։










