Google+ սոցցանցի ղեկավարը Facebook-ն անվանել է «անցյալի սոցկայք»
Google կորպորացիայի փոխնախագահ Բրեդլի Հորովիցը, ով պատասխանատու է Google+ սոցիալական կայքի զարգացման համար, Facebook-ն անվանել է «անցյալի սոցկայք», հայտնում է Лента-ն՝ մեջբերելով CNET-ին։
Այդ մասին նա հայտարարել է Business Insider կոնֆերանսի շրջանակում։
Հորովիցը նշել է, որ Facebook-ը չի համապատասխանում իրական աշխարհի պահանջներին։ Նրա խոսքով՝ մարդիկ պետք է հնարավորություն ունենան շփվել ընկերների մի մասի հետ՝ զրույցում չներառելով մյուսներին։ Եվ դա պետք է լինեն «նորմալ» զրույցներ, այլ ոչ 140 սիմվոլներով արտահայտություններ, ինչպես, օրինակ, Twitter-ում։
Որպես դրական օրինակ՝ Հորովիցը բերել է իր սեփական արտադրանքը, որի ստեղծողները մտածել են «իրական աշխարհի մասին»։ Google+ առավելություններից մեկը հանդիսանում են ընկերների խմբերը («Շրջանակներ»)։ Օգտատերն ինքը կարող է որոշել, թե որ «շրջանակը» կարող է տեսնել իր այս կամ այն գրառումը։
Խոսելով գովազդի մասին՝ Հորովիցը նշել է, որ ավելի արդյունավետ է ցույց տալ օգտատիրոջն առաջարկներն այն պահին, երբ նա փնտրում է այս կամ այն արտադրանքը։ Այն հարցին, թե կհայտնվե՞ն Google+ գովազդային հայտարարություններ, Հորովիցը պատասխանել է, որ միայն այն դեպքում, երբ հայտնվի դրանք ավելի արդյունավետ ներկայացնելու մեթոդ։
Google+ սոցկայքը թողարկվել է 2011 թ. և մեկ տարվա ընթացքում ունի 400 մլն օգտատեր։










