Իսրայելի միջուկային ծրագրերը հետաքննել պահանջող հաքերները գրոհել են ՄԱԳԱՏԷ-ի սերվերը, սակայն կարևոր տեղեկություններ չեն գողացվել

20:41 • 29.11.12

ՄԱԳԱՏԷ - ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հինգշաբթի օրը «մեծ ափսոսանք» է հայտնել հաքերների կողմից կազմակերպության սերվերներից մեկի վրա իրականացված գրոհի համար, սակայն հայտարարել, որ որևէ կարևոր տեղեկություն չարագործների ձեռքը չի ընկել, հաղորդում է РИА Новости գործակալությունը:


Առաջին անգամ ՄԱԳԱՏԷ-ն քիբերգրոհի մասին ահազանգել է նախօրեին:


«Մենք չգիտենք միջադեպի բոլոր մանրամասները, սակայն վստահ ենք, որ անվտանգության հետ կապ ունեցող որևէ տեղեկություն չի առևանգվել», - ասել է Ամանոն:


Ինչպես նշում է գործակալությունը, «անվտանգության հետ կապված տեղեկություն» նշանակում է տվյալներ՝ կապված ՄԱԳԱՏԷ-ի կողմից տարբեր երկրներում իրականացվող միջուկային էներգետիկայի վերաբերյալ հետաքննությունների հետ, այդ թվում և Իրանում:


Չորեքշաբթի Վիենայում մամուլի ասուլիսով հանդես գալով Ամանոն ասել էր, որ մի քանի ամիս առաջ Parastoo (պարսկերենից թարգմանաբար`«ծիծեռնակ») հաքերական խմբավորումը գրոհել է այդ ժամանակ գործածվող սերվերը և գողացել կազմակերպության ավելի քան 100 աշխատակցի տվյալներ, այդ թվում և ռուսների:


Նախորդ կիրակի, ատոմային գործակալության գլխավոր տնօրենի խոսքով, քիբերհանցագործները հրապարակել էին որոշ աշխատակիցների էլեկտրոնային հասցեներ և բոլոր անձնական տվյալների հրապարակման սպառնալիքով կոչ էին անում, որ ՄԱԳԱՏԷ-ն «բաց հետաքննություն» իրականացնի Իսրայելի միջուկային հետազոտությունների վերաբերյալ:

 

Իսրայելի միջուկային ծրագրերը հետաքննել պահանջող հաքերները գրոհել են ՄԱԳԱՏԷ-ի սերվերը, սակայն կարևոր տեղեկություններ չեն գողացվել