ՆԱՍԱ-ի գիտնականները հանգամանորեն հերքում են 2012թ. դեկտեմբերին աշխարհի վերջի տեսությունները

01:23 • 29.11.12

Ի հակադրություն բազմաթիվ կանխատեսումների և տեսությունների, աշխարհի վերջը այս տարվա դեկտեմբերին հաստատ չի լինի: Համենայնդեպս, դրանում բացարձակապես համոզված են ամերիկյան տիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի գիտնականները, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:

 

«2012թ. վերջին աշխարհի վերջ չի լինի: Մեր մոլորակը լրիվ նորմալ էր ավելի քան 4 մլրդ տարի, և պնդումներ այն մասին, որ շուտով վրա կհասնի աշխարհի վերջը, որևէ գիտական հիմնավորում չունեն», - ասվում է ՆԱՍԱ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ:


Դրանում հերքվում են ներկայում աշխարհի վերջի մասին ամենատարածված տեսությունները: Դրանցից մեկը, մասնավորապես, պնդում է, թե Երկրին կբախվի Արեգակնային համակարգով պտտվող առասպելական Նիբիրու մոլորակը, որի գոյությունը, իբրև թե, կանխատեսել են շումերները:


Ի սկզբանե, այդ սցենարով աղետը կանխատեսվում էր 2003թ. մայիսին, սակայն, երբ դա տեղի չունեցավ, «աշխարհի վերջը» որոշվեց հետաձգել մինչև 2012թ. դեկտեմբերի 21-ը: Պնդելով, թե այդ թվականով է ավարտվում մայաների օրացույցերից մեկի վերջին փուլը:


«2012թ. դեկտեմբերի 21-ը մարդկության վերջը չի դառնա, սակայն այդ օրը կլինի հերթական ձմեռային արևադարձը», - ասում են ՆԱՍԱ-ի գիտնականները:
Առավել ևս, որ ամերիկյան գիտնականները համոզված են, որ հին մայաները երբեք նույնիսկ չեն կանխագուշակել աշխարհի վերջ:


«Ժամանակը չի ավարտվում նրանով, որ ձեր խոհանոցում կախված օրացույցը ավարտվում է դեկտեմբերի 31-ով: Այդպես էլ մայաների օրացույցը ավարտվում է 2012թ. դեկտեմբերի 21-ով: Դա ժամանակի հաշվարկի երկար համակարգի վերջին նիշն է, սակայն դրանից հետո նրանց մոտ սկսվում է նու փուլ` այնպես, ինչպես երբ դուք պատին նոր օրացույց փակցնեք, որը սկսվի հունվարի 1-ով»:


ՆԱՍԱ-ի գիտնականները հերքում են նաև աշխարհի վերջի մասին այլ տարածված տեսությունները: Դրանց շարքում` մեր մոլորակի կործանումը ինչ որ այլ երկնային մարմնի հետ բախումից, հսկայական արևային պայթյուն, մայրցամաքների շարժ կամ «մոլորակների շքերթ»:


ՆԱՍԱ-ի գիտնականները, որոնց շարքում կան աստղագետներ, աստղակենսաբաններ, Արևի և երկնաքարերի ուսումնասիրության մասնագետներ, նույնիսկ պատրաստ են բոլոր ցանկացողների համար համացանցային կոնֆերանս անցկացնել` «Գուգլի» վիդեոչաթով, որի ընթացքում մանրամասն կպատմեն այն մասին, թե ինչու են աշխարհի մոտալուտ վերջի մասին բոլոր տեսությունները լիովին անհիմն ու հորինված:

 

ՆԱՍԱ-ի գիտնականները հանգամանորեն հերքում են 2012թ. դեկտեմբերին աշխարհի վերջի տեսությունները