Քաղաքական դաշտում հաջողությունների մեջ գտնվողների սահմանը ևս երկու տարի է տևելու. աստղաբան
Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը, թեև հաշվել է 2013թ. նախագահական ընտրությունների հնարավոր բոլոր թեկնածուների հնարավորությունները, սակայն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չցանկացավ անուններ տալ: Նա միաժամանակ նշեց. «Քաղաքական դաշտում բոլոր նրանք, ովքեր այսօր մեծ հաջողությունների մեջ են, սահմանը ևս երկու տարի է տևելու: Դրանից հետո իրենց անհաջողութուններ են սպասվում: Թեկնածուների մեջ կան մարդիկ, ովքեր իզուր են ուզում իրենց թեկնածությունը դնել»,- ասաց նա:
Էլյա Հովհաննիսյանը ընդգծեց, որ 2016թ.-ը լինելու է Հայաստանի ծաղկունքի գագաթնակետի տարի: Tert.am-ի հարցին, թե ինչպիսին է լինելու այդ ծաղկունքը, նա նշեց, որ հայ ժողովուրդը և Հայաստանը դառնալու է հոգևոր ուսուցիչ:
«Հունաստանը և հրեաները չկարողացան, չարդարացին իրենց այս գործում: Հայ ժողովուրդը ավելի անարատ ու անկեղծ է։ Իհարկե, կան չար անհատներ, բայց դա կապ չունի: Մեր ժողովրդի նման խելացի, հյուրասեր, մարդկային մարդկանց դժվար է գտնել: Մենք չենք համակերպվում անարդարության հետ»,-ասաց նա և ընդգծեց, որ առաջիկա տարիներին Հայաստանին սահմաններին վտանգ չի սպառնում՝ պատերազմ չի լինելու:
Անդրադառնալով սոցիալական հարցերին՝ նա նշեց, որ մարդիկ լավ չեն ապրում քանի որ ծույլ են և չեն ուզում աշխատել: «Բողոքի ակցիաները բերեք ծալենք, դնենք մի կողմ, մեզնից ինչ պահանջվում է դա անենք: Պետք չէ ուշադրություն դարձնել անհատների բողոքներին»,-ասաց նա:
Էլյա Հովհաննիսյանը վստահեցրեց, որ 2013թ.-ը շատ ավելի լավն է լինելու, քան 2012թ.-ը:










