Հայ և վրացի նկարիչների երբեմնի կապերը վերականգնվում են (լուսանկարներ)
Գործարար, բարերար, ծննդով Ջավախքից Սոս Սահակյանը գնել է վրացի հայտնի նկարիչ Ջովանի Վեփխվաձեի «Old Tbilisi» նկարը՝ նպատակ ունենալով վերականգնել հայ և վրացի նկարիչների երբեմնի կապերը:
«Նկարիչների միությունում երեկ կազմակերպված Վրաստանի հայ նկարիչների ցուցահանդեսի ժամանակ տեսա այդ նկարը, որտեղ պատկերված է «Սուրբ Բեթղեհեմ» եկեղեցին, և որոշեցինք, որ նկարը պետք է ստանամ անմիջապես հեղինակից»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Սոս Սահակյանը, ում «Հայաստանի նկարիչների միությունում» հեղինակը հանձնեց նկարը:
Մեկնաբանելով նկարը, արմատներով հայ Ջովանի Վեփխվաձեն ասաց, որ ինքը մշտապես նկարում է իր քաղաքը, և չի պատկերացնում Թբիլիսին առանց հայ մշակույթի:
«Հին Թբիլիսիում հայկական տան կողքին վրացական խանութ էր: Ես էլ որպես արմատներով հայ վրացի նկարիչ, չեմ պատկերացնում նաև հայկական մշակույթն առանց Թբիլիսիի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր նկարներից մեկը նվիրել է Շառլ Ազնավուրին՝ հռչակավոր ֆրանսահայ երգչի՝ Թբիլիսի կատարած վերջին այցելության ժամանակ:
Երեկ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի, Ջովանի Վեփխվաձեի և Սոս Սահակյանի միջև նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել՝ նպաստելու Վրաստանի հայ նկարիչների ստեղծագործական ակտիվությանը:
Նշենք, որ Սոս Սահակյանը սերտ համագործակցության մեջ է վիրահայոց թեմին կից Թբիլիսիում գործող «Հայարտուն» մշակութային կենտրոնի հետ։ Նրա նախաձեռնությամբ և մասնակցությամբ Ախլցխայում այսօր գործում է «Հայ ստեղծագործողների միությունը», որն արդեն 30-ից ավել անդամներ ունի:










