Գիտնականը գործադիրին կոչ է անում ստեղծել հելիոտեխնիկական սարքերի բազային գործարան
Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը Կառավարությանը կոչ է անում Սպիտակում ստեղծել հելիոտեխնիկական սարքերի բազային գործարան:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին գիտնականն անդրադարձավ Հայաստանում գործող ատոմակայանի՝ բացասական և արևային էներգիայի դրական կողմերին: Նա, մասնավորապես, նշեց, որ ատոմակայանի վթարի դեպքում Հայաստանում ամեն ինչ կկործանվի:
«Իշխանությունը ընդդիմանում է մեր նախագծին՝ կապված արևային էներգիայի ստացման հետ, բայց այն անհամեմատ էժան է, էկոլոգիապես մաքուր և ոչ մի բացասական հետևանքներ չի թողնում»,- ասաց նա։
Գիտնականն ավելացրեց, որ արևային էներգիան ընդամենը մեկ բացասական կողմ ունի՝ գիշերը սարքերը չեն աշխատում և էներգիա չի ստացվում, սակայն այդ խնդրի վրա այսօր աշխատում են գիտնականները:
Վահան Համազասպյանը վտանգավոր է համարում հատկապես ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը: Նա նշեց, որ ատոմային էներգիան վատ բան չէ, բայց երբ դրան չեն խառնվում քաղաքական գործիչները:
«Մեր չինովնիկները ատոմակայանից էլ վտանգավոր են: Կոռուպցիոն այս համակարգում այնքան էլ վստահելի չէ նրանց կառուցումը: Եթե փուչիկների մեջ մեթան են լցնում ու տալիս երիտասարդների ձեռքը, ինչպե՞ս կարելի է նրանց վստահել նոր բլոկի կառուցումը»,– ասաց նա:
«Եվ հետո, ինչպես մարդը, այնպես էլ ատոմակայանը ծերանում է, և դրանց շահագործումը առավելագույնը 40 տարի է»,- ասաց նա և ընդգծեց, որ բացասական է համարում ատոմակայանի գործարկումը ևս 10 տարով երկարացնելու որոշումը:
Հելիոտեխնիկական սարքերի բազային գործարանի կառուցումով, ըստ Վահան Համազասպյանի, կիրագործվի գյուղական վայրերի հելիոֆիկացումը, կբարձրացվի երկրի էներգետիկ անվտանգությունը, կստեղծվեն աշխատատեղեր:










