Ռուսաստանաբնակ հայ երիտասարդը ստեղծել է լուսաձայնային ազդանշաններին հետևող ծրագիր

14:21 • 30.11.12

Ռուսաստանաբնակ ծրագրավորող Էդգար Դավթյանին վերջապես թույլատրվել է iPhone-ի համար նախատեսված հավելվածը հրապարակել App Store-ում, որը վերահսկում է լուսաձայնային ազդանշանների մասին հրամանագրի կատարման ընթացքը, գրում է Life News-ը։

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը հստակեցնում է այն ավտոմեքենաների ստույգ թիվը, որոնց թույլատրվում է ունենալ լուսաձայնային ազդանշաններ։ Դրանք ընդամենը 569-ն են։

 

Ազգությամբ հայ ծրագրավորողի ստեղծած ծրագիրը թույլ է տալիս բացահայտել անօրինական կերպով տեղադրված լուսաձայնային ազդանշաններով մեքենաների թիվը։ Սակայն App Store-ը սկզբում մերժել էր ծրագիրը հրապարակել։


Էդգարը պատմել է, որ ի սկզբանե նրան մերժել են այն պատճառով, որ իր ծրագիրը հրապարակում էր տվյալ մեքենաների լուսանկարները՝ համարանիշերով։ Սակայն նա նշել է, որ App Store-ում արդեն կան հավելվածներ, որոնք հրապարակում են նմանատիպ տվյալներ։


Էդգարը կապվել է ԱՄՆ-ում App Store-ի ներկայացուցիչների հետ և ապացուցել իր իրավացիությունը։ Այսօր վերջապես «Լուսաձայնային ազդանշաններ» ծրագիրը հայտնվել է App Store-ի կատալոգում։


Ծրագիրը թույլ է տալիս լուսանկարել լուսաձայնային ազդանշանով մեքենան՝ ավելացնելով դրան մեքենայի գտնվելու վայրը, ամսաթիվն ու հստակ ժամը։ Հավելյալ կարելի է նշել նաև մեքենայի՝ երթևեկության կանոնների խախտումները։


Տվյալները հայտնվում են ծրագիրը ստեղծողի մոտ, պարզվում և մշակվում։ Հեղինակը պատրաստվում է փոխանցել հաշվետվություններն իրավասու մարմիններին, ինչպես նաև ԶԼՄ-ներին։


Վիճակագրությունը ցույց կտա, թե նման ազդանշաններով քանի մեքենա է երթևեկում ճանապարհներին և որքանով են դրանք շատ թույլատրելի 569-ից։


Ծրագրի հեղինակը նախատեսում է թողարկել նաև տարբերակ Android սմարթֆոնների համար։
 

Ռուսաստանաբնակ հայ երիտասարդը ստեղծել է լուսաձայնային ազդանշաններին հետևող ծրագիր