Գյումրիի քաղաքապետարանը չի վճարում Մինասի որմնանկարի վերականգնման պարտքը. հիմնադրամ
Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնումը ավարտվել է և առանձին կտորներով տեղափոխվել Գյումրու քաղաքապետարան, սակայն «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը դեռևս չի շտապում որմնանկարը ամբողջական տեսքի բերել, քանի որ քաղաքապետարանը որմնանկարի վերականգնման աշխատանքների գումարն ամբողջությամբ չի վճարել:
«Մենք ունենք ժամանակ, որի ընթացքում, եթե քաղաքապետարանը մեր կատարած աշխատանքների դիմաց գումարները չվերադարձնի, մենք ստիպված կլինենք այլ քայլերի դիմել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանը:
Նա պարզաբանեց, որ իրենք կատարել են աշխատանքներ և ունեն համապատասխան ապացույցներ, որ հիմնադրամն իր հերթին պայմանագիր է կնքել իտալացի մասնագետների հետ:
«Մենք պարտավորվել ենք, որ իտալացիներին գումարները պետք է փոխանցենք: Իտալացիները հիմա իրենց գործը վերջացրել են, և մենք մնացել ենք պարտք, բայց մենք էլ քաղաքապետարանից ենք կախված: Եթե գումարները չտան, մենք ստիպված կլինենք այլ քայլերի դիմել, բայց ունենք ժամանակ, և հույս ունենք, որ Գյումրիի քաղաքապետարանը կլուծի բոլոր հարցերը»,-ասաց նա:
Ազատ Թովմասյանը նշեց, որ թեև ըստ պայմանագրի՝ արդեն իսկ պետք է իտալացիներին վճարած լինեին, բայց նրանք էլ համբերում են և դեռևս բողոքել չեն պատրաստվում:
«Այսինքն՝ պայմանագրային ժամկետները մենք իրենց հետ արդեն իսկ խախտել ենք: Բայց մենք լավ հարաբերությունների մեջ ենք և իրանք տենց բան չեն ասել, բայց նամակ են ուղարկել. դեռ համբերում են»,- տեղեկացրեց նա:
Ըստ հիմնադրամի տնօրենի՝ նախահաշվով քաղաքապետարանը պարտավորվել էր տալ 37 մլն դրամ, դրանից բացի նաև պայմանագրից դուրս հարակից ծախսերի համար 8 մլն, որը քաղաքապետարանն ի սկզբանե վերցրել էր իր վրա:
«Ընդհանուր 37 մլն-ից քաղաքապետարանը պարտք է մնացել 4 մլն-ը, ինչպես նաև պայմանագրից դուրս պարտավորված 8 մլն-ը»,- ասաց նա:
Մինչդեռ Asparez.am-ը հայտնում է, որ նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը հասկացրել է, որ իրենք չեն պատրաստվում պայմանագրից դուրս պարտավորված գումարները վճարել, իսկ 4 մլն-ից չեն հրաժարվում:
«Նոր քաղաքապետարանի կազմը տեղյակ չէ, թե հնի հետ ինչ պայմանավորվածություններ են եղել, և ինչ է արվել, բայց կարող են ստուգել, որ ինչ պարտավորվել ենք, կատարել ենք, թե չէ»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը: Նա նշեց, որ իրենց համար անձերը կարևոր չեն, Սամվել Բալասանյան, թե Վարդան Ղուկասյան, կարևորը կողմերն են՝ քաղաքապետարան, հիմնադրամ և իտալացիներ:
«Բալասանյանը իրավահաջորդն է հանդիսանում և պարտավոր է հաշվի առնել նախորդի պարտավորությունները: Հույս ունենք, որ հարցը դրական լուծում կստանա և ավելորդ քայլերի ստիպված չենք լինի դիմել»,- եզրափակեց նա:










