NASA-ն հերքել է Մարսի վրա օրգանական նյութեր հայտնաբերելու մասին լուրերը
Curiosity մարսագնացի հավաքած բնահողի նմուշների ուսումնասիրությունը դեռևս չի հայտնաբերել օրգանական նյութերի հետքեր, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով ՆԱՍԱ-ին:
Վերջին շաբաթների ընթացքում ԶԼՄ-ներում բազմաթիվ հաղորդումներ են հայտնվել այն մասին, թե մարսագնացը Մարսի վրա «ցնցող» բան է հայտնաբերել, այս մասին հայտարարել էր նախագծի գիտական ղեկավար Ջոն Գրոտցինգերը: Նա սակայն չէր հայտնել, թե ինչ գտածոյի մասին է խոսք գնում:
Շատ փորձագետներ սկսեցին պնդել, թե դա կարող է օրգանական մոլեկուլների հայտնաբերում լինել:
«Ասեկոսեներն և շահարկումներն այն մասին, թե առաքելությունը մեծ հայտնագործություն է արել նման վաղ փուլում, սխալ են… Որոշներն այն նյութերից, որ փնտրում է Curiosity-ն` օրգանական նյութերն են, ածխածնային միացությունները, որոնք կարող են կենդանի օրգանիզմների բաղկացուցիչ հանդիսանալ: Այս փուլում առաքելության մարսագնացի սարքերը Մարսի վրա օրգանական նյութերի առկայության ապացույցներ չեն հայտնաբերել», - ասվում է հայտարարության մեջ:










