Մատենադարանի և Հռոմի կենտրոնական իստիտուտի միջև համագործակցության պայմանագիր է կնքվել. Արա Խզմալյան

12:43 • 01.12.12

Մատենադարանի և Հռոմի գրքային-արխիվային ժառանգության վերականգնման կենտրոնական ինստիտուտի միջև պայմանագիր է կնքվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, միջազգային նախագծերի ղեկավար Արա Խզմալյանը և հավելեց, որ դեկտեմբերի 12-ին Մատենադարանի պատվիրակությունը մեկնում է Հռոմ` տեղում ծանոթանալու կազմակերպության գործունեությանը։


«Պայմանագիր է կնքվել նաև Բեռլինի պետական գրադարանի հետ` վերականգնողական աշխատանքների ոլորտում, գրքի փոխանակման ծրագրերում։ Պայմանագիր է նախապատրաստվում Սանկտ Պետերբուրգի փիլիսոփայության ֆակուլտետի հետ: Միջազգային համագործակցության վեկտորը դարձել է Մատենադարանի զարգացման ռազմավարությունը»,- ասաց Արա Խզմալյանը:

 

 

Ամփոփելով Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք, գրատպության 500-ամյակ տարին, Արա Խզմալյանն ասաց, որ Մատենադարանի համար այն շատ հագեցած էր և շատ մեծ նվաճումով սկսվեց. փետրվարին` Մինսկում` ԱՊՀ գործադիր խորհրդի նիստում, Մշակութային համագործակցության խորհուրդը Մատենադարանին շնորհեց բազային կազմակերպության կարգավիճակ` գրավոր ժառանգության պահպանման ոլորտում:


«Մենք արդեն իսկ իրականացնում ենք այդ գործառույթները` երեք խոշոր միջազգային ծրագրերի իրականացմամբ։ Առաջինը՝ «Հիշողության կերպարանքները» սեմինարը` 17 երկրների բարձրակարգ մասնակիցներով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային մարզանքը՝ թանգարանային գործիչների մասնակցությամբ» և Իկոմ Սեկայի տարեկան համաժողովը` արդեն 37 երկրների միջազգային մասնակիցներով»,- ասաց Արա Խզմալյանը:


Բանախոսի խոսքով, իրականացված աշխատանքների արդյունքում հրատարակվեց գիտական հոդվածների եզակի ժողովածու, որն արտացոլում է ԱՊՀ, եվրոպական երկրների վիճակը՝ ձեռագիր արժեքների պահպանման մասով և որը նաև համեմված է հարուստ իլյուստրացիոն նյութերով:


«Մատենադարանը մասնակցել է նաև տեղական և միջազգային ցուցահանդեսների: Հիմնական շենքի 13 ցուցասրահները նվիրված էին գրատպության 500-ամյակին և, իսկապես, շատ լավ հնարավորություն են ստեղծում ներկայացնելու մեր ազգային՝ համաեվրոպական բացառիկ նշանակության արժեքներն, ու դրանք հանրահռչակելու։ Եվ տուրիստների չնվազող հոսքը ու ներքին այցելուները՝ հենց դա են ապացուցում»,- ասաց Արա Խզմալյանը:


Մատենադարանի արխիվային բաժնի վարիչի կարծիքով, այսօր Մատենադարանն իր միջազգային բարձր արժեքների պահպանողի կարգավիճակն ապացուցում է ինքնուրույն իրականացնելով միջազգային նախագծեր։


«Մատենադարանը մասնագիտական հանդիպումների հարթակ պետք է լինի: Տարվա ընթացքում ահռելի ծախսատար աշխատանքներ են արվել, հազարավոր հյուրեր են ընդունվել, բայց, կարծում եմ, տարվա մեծագույն ձեռքբերումը կլինի ապագայում, քանի որ հույս ունենք, որ այն հնարավորություն կտա փոխել գրքի նկատմամբ վերաբերմունքը: Սարսափելի կլինի, որ պարզվի, որ բոլոր միջոցառումները փուչիկ տրամադրությամբ են արվել: Հույս ունեմ, որ իրականացվող ծրագրերը կդառնան մեր պետական ռազմավարության մի մասը»,- ասաց Արա Խզմալյանը: