Anonymous-ը սպառնում է կոտրել Սիրիայի կառավարության կայքերը
Anonymous ցանցահենների խմբի անդամները սպառնացել են կոտրել սիրիական կառավարության բոլոր այն կայքերը, որոնք սիրիական դոմեյնային գոտում չեն՝ ի պատասխան Սիրիայում ինտերնետն ամբողջապես անջատելուն. տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Հաքերներին արդեն հաջողվել է շարքից հանել Բելգիայում Սիրիայի դեսպանատան կայքը, սակայն Չինաստանում սիրիական դիվանագիտական ներկայացուցչության կայքը, որը սպառնացել էին կոտրել առաջինը, շարունակում է գործել։
Այս պահին սիրիական բոլոր նախարարությունների կայքերը չեն աշխատում, սակայն քանի որ դրանք գտնվում են .sy դոմեյնի գոտում, դրանց խափանումը կարող է պայմանավորված լինել ողջ երկրում ինտերնետի բացակայությամբ։
Արդեն երկու օր է Սիրիայի ողջ տարածքում չի գործում ինտերնետը, անջատված է քաղաքային և բջջային հեռախոսակապը։ Երկրի կապի նախարարը դրա համար մեղադրում է ընդդիմությանը, իսկ ընդդիմադիրները կապն անջատելու մեջ կասկածում են իշխանություններին։
Փորձագետները քիչ հավանական են համարում այն, որ ինտերնետը Սիրիայում կարող է անջատված լինել նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների կողմից։ CloudFlare ընկերության մասնագետները, օրինակ, պնդում են, որ ողջ երկրի տարածքում ինտերնետն անջատելու համար ցանցահենները պետք է շարքից հանեին Տարտուսի նավահանգստի մոտակայքում գտնվող ստորջրյա մալուխները, որոնք անցնում են նաև Թուրքիայի տարածքով։ Նման գործողության համար, հավանաբար, ընդդիմության ուժերը չէին ների։
Anonymous-ը ևս կարծում է, որ ինտերնետ-շրջափակման պատասխանատուն Սիրիայի իշխանությունն է, ով «պարզապես անջատվել է ցանցից», ինչպես 2011թ.-ին Եգիպտոսում արել էր Հոսնի Մուբարաքը։










