Apple-ը հասել է նաև մանկական օրորոցներին. Los Angeles Times
Apple ընկերությունը հասել է նաև մանկական օրորոցներին, գրում է Los Angeles Times-ը։
Համաձայն երեխաների առավել հայտնի անունների վերլուծության, որը հրապարակվել է BabyCenter տեղեկատվական պորտալում, 2012թ. ավելացել է այն ծնողների թիվը, ովքեր իրենց երեխաներին անվանում են Apple ընկերության արտադրանքների անվանումներով։
Այս տարի առնվազն 6 աղջիկ ստացել է Էյփլ (Apple) անունը, ինչը կրկնակի ավելի է նախորդ տարվա համեմատ։ Գրեթե կրկնակի ավելացել է նաև Մակ (Mac) անունը ստացած տղաների թիվը. ի տարբերություն 2011թ. 25-ի, այս տարի այդ անունն է ստացել 49 նորածին։
Սիրի (Siri) անունով աղջիկների թիվը 2012թ. 17 է, դա այն դեպքում, երբ անցած տարի այդ թիվը եղել է 11։
«Սմարթֆոնները կարող են դառնալ լավագույն էլեկտրոնային դայակները նորածինների համար, այդ պատճառով որոշ մայրիկներ և հայրիկներ հարգանքի տուրք են մատուցում Apple ընկերությանը և անվանակոչում իրենց երեխաներին հայտնի գաջեթների պատվին»,- ասվում է վերլուծությունում։
Անունների հաշվարկն արվել է 2012թ. ծնված 450 հազար երեխաների շրջանում, որոնց մայրիկները գրանցված են BabyCenter կայքում։










