Փարիզում գողացել են Էժեն Դելակրուայի 650 հազար եվրո արժողությամբ կտավը

12:42 • 01.12.12

Փարիզի կենտրոնում Սենտ Օնորե փողոցում գտնվող պատկերասրահից ուրբաթ գողացվել է հայտնի ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուայի «Արաբները Օրանից» 650 հազար եվրո արժողությամբ կտավը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


«Եվրոպա-1» ռադիոկայանի փոխանցմամբ, հանցագործությունը, որը կարելի է իրապես համարել «տասնամյակի կողոպուտ», կատարվել է օրվա երկրորդ կեսին։


«Պատկերասրահի աշխատակիցները նկատել են կորուստը անմիջապես այն բանից հետո, երբ շենքից դուրս է եկել այցելուներից մեկը՝ մոտավորապես 50 տարեկան մի տղամարդ, ակնոցներով, շարֆով և երկար վերարկուով»,- նշել է ռադիոկայանը։


Հանցագործության հետաքննությամբ զբաղվում է ֆրանսիական ոստիկանության հատուկ ենթաբաժինը՝ ավազակության դեմ պայքարի խումբը։


Ոստիկանությունում նշում են, որ նկարը սրահից դուրս բերել դժվար չէ՝ հաշվի առնելով նրա փոքր չափսերը։