ՁԻԱՀ-ով կարող է վարակվել նա, ով չգիտի ինչ է ՁԻԱՀ-ը. բժշկական գիտությունների դոկտոր
ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը՝ այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված ասուլիսի ժամանակ, խոսելով մարդու իմունային անբավարարության համախտանիշով վարակվելու ռիսկային խմբերի մասին ասաց, որ Հայաստանում բոլոր վարակվածների մեջ էլ կան տարբեր խավերի մարդիկ, և ռիսկային խմբի վերաբերյալ չկա որևէ հստակ սահմանում:
« ՁԻԱՀ-ով կարող է վարակվել նա, ով չգիտի ինչ է ՁԻԱՀ-ը, և չգիտի, թե ինչ ճանապարհներով է վարակը տարածվում»,- ասաց նա:
Հայաստանում արձանագրված ՄԻԱՎ վարակ ունեցողների դեպքերը, ինչպես բանախոսն ասաց, հիմնականում ուշացած ախտորոշում ունեցող դեպքեր են. «Ցավոք, դեռևս մեր հասարակության մեջ չկա բժշկի դիմելու ձևավորված մշակույթ՝ հատկապես այս հիվանդության դեպքում»:
Սամվել Գրիգորյանի տեղեկացմամբ, այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում ՄԻԱՎ վարակ ունեցողների 1359 դեպք է արձանագրվել, որոնցից կեսի մոտ արդեն ՁԻԱՀ-ի է վերածվել: Իսկ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը Հայաստանում 3500 է: «Ոչ բոլոր հիվանդներն են արձանագրվում, և աշխարհի մասշտաբով ՄԻԱՎ վարակ ունեցողների միայն 50%-ն է արձանագրված»,- հավելեց նա:
Ասուլիսին ներկա հոգեբան Անուշ Մինասյանը նկատեց, որ թվերի միջև նման տարբերությունը պայմանավորված է վախով, քանի որ Հայաստանում դեռ կարծում են, որ ՄԻԱՎ-ը մահացու է, սակայն դա վաղուց արդեն խրոնիկական հիվանդություն է, որի բուժումը պետք է սկսել հնարավորինս շուտ:










