Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է. կարգախոսը՝ «Հասնել զրոյի»

11:23 • 01.12.12

Նշենք, որ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» նախաձեռնությամբ 1988 թվականից ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ավելի քան 30 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր:


2011 թվականից մինչև 2015 թվականը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվելու է «Հասնել զրոյի» կարգախոսով։


Առողջապահության նախարարության կայքում զետեղված տեղեկանքի համաձայն՝ 2012թ. նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ուղղությամբ իրագործվող կանխարգելիչ ծրագրերն են՝ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում դոնորական արյան անվտանգության ապահովում:


2011-ին ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն անցած մարդկանց թիվը 2004-ի համեմատ աճել է 5,2 անգամ: Վերջին տարիներին կտրուկ աճել է հղիների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների թիվը, ինչը պայմանավորված է հետազոտությունների հասանելիության մեծացմամբ։


«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի համաձայն` պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության ենթակա են միայն արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների, օրգանների դոնորները և ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները:


Բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն պետք է տրամադրվի կլինիկական ցուցումներով այցելուներին, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի ներկայացուցիչներին (թմրամիջոցների ներերակային օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք, տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ), ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին (քրեակատարողական հիմնարկներում գտնվողներ, միգրանտներ և նրանց զուգընկերներ), հղիներին:

 

 

Առողջապահության նախարարության իրականացված համալիր միջոցառումների շնորհիվ` 2007 թվականից ի վեր, ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում, որոնք ստացել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել:


Ձեռքբերումների թվում կարելի է նշել նաև այն, որ 2001-ից ի վեր դոնորական արյան միջոցով հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք չի արձանագրվել:

 

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է. կարգախոսը՝ «Հասնել զրոյի»