SMS-ը 20 տարեկան է
SMS-ը 20 տարեկան է, սակայն կարծես թե այն արդեն ապրել է իր լավագույն ժամանակները, գրում է The Guardian-ը:
Այն փրկել է կյանքեր և խորտակել ամուսնություններ, ստեղծել է ամբողջովին նոր խոսակցական լեզու և միլիարդավոր դոլարների շահույթ է ապահովել հեռախոսակապի ընկերությունների համար:
Առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 1992թ. դեկտեմբերի 3-ին, երբ 22-ամյա բրիտանացի ինժեներ Նեյլ Փապուորսը իր համակարգչից Սուրբ Ծննդյան շնորհավորանք ուղարկեց իր ընկերոջ հեռախոսին: Նա պատասխան չստացավ, քանի որ այդ ժամանակ հեռախոսով հնարավոր չէր տեքստ ուղարկել. Այդ գործողության համար հարկ եղավ սպասել մինչև 1993թ., երբ Nokia-ն թողարկեց իր առաջին բջջային հեռախոսը, ինչն այն հնարավոր դարձրեց:
Առաջին SMS-ները անվճար էին և կարող էին ուղարկվել միայն ցանցի ներսում, սակայն հետագայում հեռախոսակապի ընկերությունները շատ արագ հասկացան, որ կարելի է գումար աշխատել, քանի որ կտրուկ աճում էր հաղորդագրություններից օգտվողների թիվը:
Այնուհանդերձ, չնայած «համեստ» SMS-ն այսօր տոնում է իր 20 ամյակը, շատերը կասկած են հայտնում, թե որքան ժամանակ այն կկարողանա գոյատևել «սմարթ» հեռախոսների և տվյալների փոխանցման նոր ծառայությունների աշխարհում:
2011-ին հենց ամանորյա SMS-շնորհավորանքների միջոցով պարզ դարձավ, որ ծառայությունն անկում է գրանցել: Ֆինլանդիայում 2010-ի 10,9 մլն SMS-ի փոխարեն 2011-ին 8,5 մլն էին ուղարկել: Իսկ Հոնգ Կոնգում տոնական SMS-ների թիվը կրճատվել էր 14 տոկոսով:
Մինչ օրս SMS-հաղորդագրությունները 500 մլրդ ԱՄՆ դոլար գումար են բերել: Առաջիկա 7 տարիներին նախատեսվում է ևս 1 տրլն դոլարի եկամուտ, չնայած ընդհանուր անկումին:










