Կրկեսը գնացել է Վատիկան, Հռոմի Պապն էլ՝ կրկես (լուսանկարներ)
Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը շաբաթ օրը Վատիկանում հազարավոր ծաղրածուների, տիկնիկավարների, ակրոբատների ու նույնիսկ երկու առյուծի ձագի է ողջունել՝ ամենամյա պապական կրկեսային ներկայացման ժամանակ: Այս մասին հայտնում է Courier Mail-ը:
Ըստ աղբյուրի՝ հենց Սբ. Պետրոսի հրապարակում կրկեսային տաղավար է տեղակայվել: Պոնտիֆիկոսը հմայված հետևել է կրկեսի արտիստներին և ծափահարել նրանց:
Վատիկանում այս կրկեսային ներկայացումն անվանել են պատմական: Նպատակը եղել է ցույց տալ այդ արտիստներին, որ իրենք ևս եկեղեցու զավակներ են:
Կատուների սիրահարի համարում ունեցող Բենեդիկտոս պապը իր ուշադրությանն է արժանացրել առյուծի ձագերին, նաև շոյել է նրանց:
Հռոմի Պապը բարձր է գնահատել այն զրկանքները, որ կրում են կրկեսի դերասանները՝ մարդկանց ուրախություն պարգևելու համար:










