Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքներն առանձնացվել են Շիրակի թեմից

10:39 • 03.12.12

Դեկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի արարողության ընթացքում Հայրապետական սրբատառ կոնդակով Հայաստանում Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքերն առանձնացվեցին Շիրակի թեմից և հռչակվեցին իբրև մի նոր` Արթիկի թեմ, տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

 

Նորաստեղծ թեմի առաջնորդ է նշանակվել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

 

Հայրապետական կոնդակն ընթերցել է Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

 

Այնուհետև Վեհափառ Հայրապետը նորանշանակ առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին հանձնել է Արթիկի թեմի հռչակման կոնդակը` մաղթելով նրան արգասավոր ծառայություն ի պայծառություն Արթիկի թեմի և բարօրություն հավատավոր ժողովրդի:

 

Սուրբ պատարագին ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: