BitTorrent-ը սկսում է երաժշտություն և ֆիլմեր վաճառել
Նիշքերի (ֆայլ) փոխանակման հայտնի հարթակ ստեղծած BitTorrent ընկերությունը հաջորդ տարվանից կզբաղվի օրինական մեդիակոնտենտի առաջխաղացմամբ, հայտնում է Life News-ը։
BitTorrent Inc.-ի գործադիր տնօրեն Մեթ Մեյսոնի հայտարարությամբ՝ ընկերությունը, որի անունը սովորաբար կապում են համացանցում տեսանյութերի և երաժշտության անվերահսկելի տարածմամբ, հաջորդ տարվանից կսկսի համագործակցել իրավատերերի հետ և կզբաղվի թվային կոնտենտի օրինական առաջխաղացմամբ։
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի զվարճանքների ոլորտը մեզ որպես գործընկեր ճանաչի։ Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ BitTorrent-ն ընկերություն է։ Շատերը կարծում են, որ այդ անվան տակ թաքնված են Շվեդիայից ինչ-որ դեռահասներ»,- ասել է Մեյսոնը։
Նա հայտարարել է նաև, որ BitTorrent-ից և ավելի հեշտ տարբերակ՝ uTorrent-ից օգտվող մարդկանց թիվը և մարդկանց՝ որակյալ կոնտենտի համար վճարելու պատրաստակամությունը թույլ է տալիս ընկերության ղեկավարությանը լավատեսորեն գնահատել նման անսպասելի որոշման հնարավորությունը։










