Tesla Motors-ի ղեկավարը մտադիր է Մարսը գաղութացնել
Մինչ բրիտանացի միլիոնատեր Ռիչարդ Բրենսոնը ծրագրել է ավելացնել իր եկամուտները՝ մարդկանց Երկրի ուղեծիր հանելով, նրա ամերիկացի «գործընկերը»՝ Էլոն Մասկը, ավելի ցնցող նախագիծ է պատրաստել. Tesla Motors-ի ղեկավարը ցանկանում է գաղութացնել Մարսը, գրում է LuxPlanet-ը։
Գործարարը, խոսելով իր հավակնոտ մտադրության մասին, ասել է, որ առաջին գաղութաբնակներին կուղարկի Կարմիր մոլորակ 2030թ.-ից ոչ շուտ։ Մասկի ծրագրերի մեջ է մտնում նաև Մարսի վրա մի ամբողջ քաղաքի կառուցումը, որտեղ կբնակվի 80 հազարից ավելի մարդ։
Գաղութաբնակների առաջին խումբը բաղկացած կլինի ընդամենը 10 հոգուց, որոնցից յուրաքանչյուրը թռիչքի համար պետք է վճարի 500 հազար դոլար։ Բացի այդ, նրանք իրենց հետ Կարմիր մոլորակ կտանեն անհրաժետ գործիքներ ու շինանյութ՝ նոր բնակավավայրի կառուցման համար։
Իր ծրագիրը կյանքի կոչելու համար Մասկը նախևառաջ պետք է լուծի գերբարդ մի խնդիր՝ ստեղծել բազմակի օգտագործման արագընթաց տիեզերական հրթիռ ՝ ուղղահայաց վայրէջքի համակարգով։ Հրթիռի կառուցմամբ կզբաղվի Մասկին պատկանող SpaceX ընկերությունը, որը համաշխարհային համբավ է ձեռք բերել դեպի Միջազգային տիեզերակայան բեռներ տեղափոխող Falcon և Dragon մոդուլների ստեղծումից հետո։










