Խաչքարին ու դուդուկին կմիանա «Սասնա ծռեր» էպոսը. Փարիզում քննարկվում է էպոսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու հարցը
Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, կայացել է ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստի բացումը, որի ժամանակ քննարկվելու է «Սասնա ծռեր» էպոսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում ներառելու հարցը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանը:
«2010 թվականին «Սասնա ծռերի» հայտը ներկայացրել ենք, և, ըստ այս կառույցում ընդունված կարգի, այն երկու տարի շարունակ փորձաքննության է ենթարկվել: Նախնական տվյալներով՝ վեց փորձագետներն էլ դրական եզրակացություն են ներկայացրել»,- ասաց Երանուհի Մարգարյանը:
Ի պատասխան հարցի, թե բացի բարոյական նշանակությունից ի՞նչ կարող է տալ հայկական էպոսի ներառումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերոնշյալ ցանկում, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետն ասաց, որ մարդկության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում հայկական մշակութային ցանկացած կոթողի ներառումը միայն կարող է հպարտության զգացում առաջացնել՝ մեր ինքնության առումով:
Ինչպես նշեց Երանուհի Մարգարյանը, 60-ական թվականներին, էպոսագիտության թեմայով անցկացված համամիութենական մի խորհրդաժողովի ժամանակ «Սասնա ծռերը» ճանաչվել է ամենամարդասիրականը՝ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների էպոսների մեջ:
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակույթի ցանկում հայ ժողովրդական էպոսը կլինի թվով երրորդը. դրանից առաջ՝ 2005 –ին, ներառվել են դուդուկը և խաչքարն ու խաչքարագործությունը:
Ինչ վերաբերում է հայկական մշակութային նյութական արժեքներին, ապա ցանկն ավելի մեծ է: 2000-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային արժեքների» ցանկում են ընդգրկվել Սանահինը, Գեղարդի, Հաղպատի վանական համալիրները և Էջմիածինը ՝ Մայր տաճարը, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ եկեղեցիներն ու Զվարթնոց տաճարը։
Ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական նիստը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 7-ը:
Մշակույթի նախարարությունից Փարիզ են մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովի առաջին քարտուղար Քրիստինե Մեհրաբեկյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:










