Իտալիա է վերադարձել Լեոնարդո դա Վինչիի որմնանկարի թանկարժեք կրկնօրինակը
Իտալացի արվեստագետները հայտնաբերել և հայրենիք են վերադարձրել Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Անգիարիի ճակատամարտը» անավարտ որմնանկարի կրկնօրինակը, որն արվել է 400 տարի առաջ, հայտնում է BBC-ն։
Մինչ Նոր տարին կրկնօրինակը կգտնվի Իտալիայի նախագահի պաշտոնական նստավայրում՝ Հռոմի Կվիրինալյան պալատում։
Կտավում պատկերված է ճակատամարտի տեսարան, որտեղ ձիերին հեծնած զինվորները մարտնչում են դրոշի համար։
Արվեստագետները կարծում են, որ Լեոնարդոն սկսել է աշխատել նկարի վրա 1503թ., երբ փորձարկում էր որմնանկար անելու տարբեր տեխնիկաներ, միևնույն ժամանակ նա օգտագործում էր նախապես արված էսքիզներ։ Սակայն նա այդպես էլ չի ավարտել որմնանկարը։ Ներկերը չէին պահպանվում պատի վրա և խառնվում էին, արդյունքում հաջողվել է պահպանել միայն նկարի մի փոքր հատվածը։
Տարիներ անց որմնանկարի վիճակն ավելի է վատացել, և քաղաքային իշխանությունները խնդրել են Ջորջո Վազարիին նկարել ճակատամարտերի տեսարաններ՝ դա Վինչիի աշխատանքը փոխարինելու համար։










