Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը չի ուզում, որ մարզերից որևէ հուշարձան հայտնվի Պատմության թանգարանում (տեսանյութ)

15:59 • 04.12.12

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում անդրադարձել է Հանրային խորհրդի՝ պատմության հուշարձանները մարզերից Երևան տեղափոխելու հարցի քնննարկմանն օրերս նվիրված նիստին: Այս մասին տեղեկանում ենք Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիայի տարածած հաղորդագրությունից։


Հուշարձանագետն անդրադարձել է ծրագրի հեղինակ, Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի հիմնավորումներին, ինչպես նաև հիշել, թե ինչպես է այդ կինը տարիներ առաջ Խցկոնքի վանքի յուրաքանչյուր լուսանկար տրամադրելու համար 5000 դրամ պահանջել, սակայն նեգատիվներին ծանոթանալու և անհրաժեշտ լուսանկարներն ընտրելու խնդրանքին մինչ այժմ չի պատասխանել:


«Դրա համար ես իսկապես չեմ ուզում, որ որևէ հուշարձան հայտնվի որևէ թանգարանում, իսկ առավել ևս Պատմության թանգարանում, որ լուսանկարելու համար ստիպված չլինեմ դիմել մի մարդու, ով սկզբում մի արժեք կկրակի, իսկ հետո խաբի և հնարավորություն չտա իբրև ուսումնասիրող շարունակելու իմ աշխատանքը»,- ասել է Սամվել Կարապետյանը:


Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 7-ին Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը և ՀՀ մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալության աշխատակից Սուրեն Շաքարյանը լրագրողներին ներկայացրել էին, որ ՀՀ տարբեր մարզերից հավաքված հուշարձանապատկան բեկորներն ու պատմաճարտարապետական կոթողները, որոնք պատրաստվում են վերականգնել, ցուցադրվելու են Պատմության թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում՝ «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսին։



Սակայն Հայաստանի մարզերից մշակույթի 63 անշարժ հուշարձանների Երևան՝ Հայաստանի պատմության թանգարան, տեղափոխելու ՀՀ կառավարության համապատասխան որոշման դեմ դժգոհություններ հնչեցին, ինչին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանեց, որ. «Խոսքը վերաբերում է ջարդված, քանդված, գետնի մեջ թաղված, անհայտ մի անկյունում դրված կամ գտնված հուշարձանապատկան քարի բեկորների մասին»։
 


Իսկ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը վստահեցրեց, որ կոթողները, մաքրվելուց, ամրակայվելուց և, անհրաժեշտության դեպքում, վերականգնվելուց ու 2013թ.-ի հունվարի վերջին կայանալիք ցուցահանդեսին ներկայացվելուց հետո, կվերադարձվեն իրենց նախկին տեղերը: