Volkswagen-ը վաճառքի ծավալներով 2013թ. կդառնա աշխարհում երկրորդը. Center of Automotive Management
Եվրոպական խոշոր ավտոկոնցեռն Volkswagen-ի վաճառքի ծավալները 2013թ. կկազմեն 9,4 մլն ավտոմեքենա. այդպիսով կոնցեռնն այդ ցուցանիշով առաջ կանցնի իր հակառակորդ General Motors-ից և կզիջի միայն ճապոնական Toyota-ին, գրում է Взгляд-ը՝ վկայակոչելով Handelsblatt պարբերականին։
Պարբերականը՝ վկայակոչելով Center of Automotive Management-ին, նշում է, որ Volkswagen-ն ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային ավտոմոբիլային շուկայում։ Եթե գերմանական ավտոարտադրողի վաճառքները 2013թ. զարգանան նույն արագությամբ, ինչպես և 2012թ., Volkswagen-ը կզբաղեցնի 2-րդ տեղն աշխարհում վաճառված մեքենաների քանակով՝ առաջ անցնելով General Motors-ից։
Աշխարհի խոշորագույն ավտոշուկայում՝ ԱՄՆ-ում, Volkswagen-ի վաճառքի աճը 2012թ. նոյեմբերին կրկին առաջ է անցել տեղական մրցակիցներից, նշում է Reuters գործակալությունը։ Այստեղ գերմանական կոնցեռնը վաճառել է 36 700 ավտոմեքենա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պահանջարկն ավելացել է 29,3 տոկոսով։










