Մեծ Բրիտանիայում 19-րդ դարում քննադատվել է կնոջ սերը թեյի նկատմամբ

15:15 • 05.12.12

19-րդ դարի սկզբին բրիտանացի և իռլանդացի ցածր խավի կանանց կողմից թեյի օգտագործումը համարվել է վնասակար սովորություն, որը խարխլում է ընտանեկան հիմքերը և երկրի տնտեսությունը, ասվում է «Literature and History today» ամսագրում հրապարակված հետազոտության մեջ, գրում է РИА Новости-ն։

 

Դուրհամի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 19-րդ դարի սկզբի փաստաթղթերը և պարզել, որ այդ ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում հասարակությունը քննադատել է թեյի սիրահար կանանց։

 

Նախևառաջ դա վերաբերվել է միջին և ցածր խավին. համարվում էր, որ թեյ խմելը շեղում է կանանց տնային գործերից՝ խարխլելով ընտանեկան ավանդական հիմքերը և վերջին հաշվով դառնալով երկրում տնտեսական անկման պատճառ։


«Թեյ խմող կանայք զուր ժամանակ և գումար են վատնել՝ շեղվելով ամուսնու խնամքից և տնային աշխատանքներից»,- ասվում է փաստաթղթերում։ Բարոյականության տեսանկյունից կանանց թեյ խմելը հավասարազոր է եղել տղամարդկանց հարբեցողությանը։ Բացի այդ, սերը դեպի թեյը համարվել է «վտանգավոր ազատամտություն», հեղափոխական և ֆեմինիստական գաղափարների արտահայտման վկայություն։



 

Մեծ Բրիտանիայում 19-րդ դարում քննադատվել է կնոջ սերը թեյի նկատմամբ