Փարիզում Սալվադոր Դալիի կտավը վաճառվել է 2 մլն եվրոյով
Փարիզում Սալվադոր Դալիի կտավն աճուրդում վաճառվել է 2 մլն եվրոյով, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Ինչպես հայտնում են «Արտկյուրիալ» աճուրդի տանից, աշխատանքը ձեռք է բերել եվրոպացի մի հավաքորդ։
Խոսքը Դալիի «Անձրևանոցներով կարի մեքենան սյուրռեալիստական բնապատկերում» նկարի մասին է, որն ընդամենը 22x30 չափի է։ Այն Դալին նկարել է 1941թ., ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ։
Կտավը պատվիրել է կինոռեժիսոր Ֆրից Լանգն իր «Սիրո նավակ» ֆիլմի համար։ Սակայն կինոստուդիայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Լանգը հեռացվել է նկարահանումներից։ Իսկ ինչ վերաբերվում է Դալիի աշխատանքին, ապա այն ֆիլմի համար պետք չի եղել։
Այս ողջ ընթացքում նկարը գտնվել է մասնավոր հավաքածուում։ Այն վաճառքի է հանվել առաջին անգամ։










