Եվրոպացի ուսանողները դատի են տալիս Facebook-ին
Մի շարք եվրոպացի ուսանողներ համախմբվել և նոր խումբ են ստեղծել, որը պատրաստվում է դատական հայց ներկայացնել աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի դեմ։ Պատճառն այն է, որ սոցկայքն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել իր հարյուր միլիոնավոր օգտատերերի գաղտնիությունն ապահովելու համար, գրում է Daily Mail-ը։
Europe-v-facebook կոչվող խումբը պահանջում է, որպեսզի Facebook-ն առավել հուսալի պաշտպանություն ապահովի իր օգտատերերի անձնական տվյալներիհարցում։ Հայտնի է դարձել, որ դատական հայցն ընկերության դեմ կներկայացվի Իռլանդիայում, որտեղ Facebook-ն ունի միջազգային մակարդակի կենտրոնական գրասենյակ։
Europe-v-facebook խումբն արդեն որոշակի զիջումներ է ստացել ընկերության կողմից, սակայն շարունակում է պնդել, որ դա շատ քիչ է։ Անցյալ ամիս Facebook-ն առաջարկել է օգտատերերի տվյալների միասնական բազա ստեղծել վերջերս ձեռք բերված Instagram և իրեն պատկանող այլ ծառայությունների համար։










