Google Now-ն ճանապարհորդողների համար առավել հարմար է դարձել
Android սմարթֆոնների անձնական օգնական Google Now-ում հայտնվել են մի քանի նոր գործառույթներ, որոնք կարող են օգտակար լինել ճանապարհորդողների համար, հայտնում է Вести-ն։
Օրինակ՝ նախքան օգտատերը տանից դուրս կգա, ծրագիրը հուշում է, թե ինչպիսի եղանակ է սպասվում նախատեսված վայրում։
Google Now-ն կարող է նաև ավտոմատ կերպով «հանել» Gmail էլեկտրոնային փոստից տոմսը, երբ օգտատերը ժամանում է օդանավակայան։ Իհարկե, այս գործառույթն աշխատում է դեռևս միայն ԱՄՆ-ի խոշորագույն United Airlines ավիաընկերության հետ։ Շուտով կավելանա նաև այլ ավիափոխադրողների աջակցությունը, ասվում է Google-ի բլոգում։
Երբ օգտատերը ժամանում է անհրաժեշտ վայրը, Google Now-ն տալիս է տեղեկատվություն նրան մոտ գտնվող օբյեկտների (օրինակ՝ թանգարանային նմուշների) վերաբերյալ։
Բացի այդ, ավելի «խելացի» է դարձել ձայնային որոնումը, որի միջոցով կարելի է իմանալ, թե ինչ երգ է հնչում մոտակայքում, ինչպես նաև ձայնի միջոցով գրառումներ կատարել Google+ սոցիալական կայքում։










